«ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողով


ԿԳՄՍ նախարարության և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ դեկտեմբերի 2-5-ը կանցկացվի «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը:


Նախարարությունից հայտնում են, որ համաժողովն իրականացնում է «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն: Բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանային հատվածի տեսասրահում:


Համաժողովին կմասնակցեն ֆիլմարտադրության, ֆիլմերի ցուցադրման և տարածման, կինոժառանգության պահպանման, ստեղծարար արդյունաբերության և կինոոլորտում թվային տեխնոլոգիաների մասնագետներ, պետական ​​մարմինների և կինոկազմակերպությունների ներկայացուցիչներ։ Մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, ԱՊՀ անդամ երկրներն ու Վրաստանը:


Համաժողովի 2025 թվականի գլխավոր թեման է՝ «ԱՊՀ անդամ պետություններում միջմշակութային երկխոսություն և համագործակցություն կինեմատոգրաֆիայի ոլորտում»։


Համաժողովի առանցքում միջազգային համագործակցության զարգացման, մասնագիտական ​​կապերի ամրապնդման, պետական ​​​​մարմինների և ոլորտի միջև համագործակցության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ազգային կինեմատոգրաֆիայի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների բացահայտումն է։


Համաժողովի շրջանակում դեկտեմբերի 5-ին կկազմակերպվի նաև խաղարկային լիամետրաժ կինոնախագծերի շնորհանդես, և համաժողովի միջազգային մասնակիցների փակ քվեարկությամբ կընտրվեն 4 լավագույն կինոնախագծերը: Դրանք ԿԳՄՍ նախարարության կողմից կստանան 500000-ական դրամ խրախուսական մրցանակ՝ կինոնախագծի փաթեթների ձևավորման և առաջխաղացման նպատակով:

Leave a Comment