Զարուհի Փոստանջյանի մոտ հայտնաբերվել է հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, որը վերցվել է ծառայողների կողմից․ ՔԿԾ պարզաբանումը
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են․
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։
Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը և հայտնել, որ այլ արգելված իրեր չունի։
Այնուհետև նրան ուղեկցել են զննության համար նախատեսված սենյակ, որտեղ ռենտգեն սարքի միջոցով զննվել է նրա ձեռքի պայուսակը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է iPhone 7 տեսակի բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, որը վերցվել է ծառայողների կողմից։
Փաստաբանի և վստահորդի հանդիպումը չխոչընդոտելու նպատակով զննության արդյունքում հայտնաբերված հեռախոսի վերաբերյալ արձանագրությունը նախատեսվել է կազմել միայն տեսակցության ավարտից հետո (արձանագրությունը ստորագրվում է զննություն կատարող անձանց և զննման ենթարկված անձի կողմից, վերջինիս՝ արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում):
Տիկին Փոստանջյանին պարզաբանվել է նաև, որ վարչական իրավախախտման գործի ավարտից հետո (համապատասխան արձանագրությունների կազմում և որոշման կայացում) վարչական իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բջջային հեռախոսը կվերադարձվի իրեն։
Սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել արձանագրության կազմմանը, վերցրել է մուտքի ժամանակ հանձնած բջջային հեռախոսը և դուրս եկել բնակելի գոտու տարածքից, որտեղ սկսել է հեռախոսով նկարահանումներ կատարել բնակելի գոտու մուտքի մոտ, խախտել անվտանգության կանոնները, աղմկել, մեղադրել քրեակատարողական ծառայողներին իր հեռախոսը գողանալու մեջ, ապա հեռացել հիմնարկից։
Միջադեպից հետո քրեակատարողական ծառայողը երկու անգամ հեռախոսազանգով կապ է հաստատել տիկին Փոստանջյանի հետ՝ առաջարկելով վերադառնալ հիմնարկ, մասնակցել արձանագրության կազմմանը, որից հետո հեռախոսը կվերադարձվի։ Սակայն տիկին Փոստանջյանը կրկին մերժել է՝ նշելով, որ հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին։