Փաշինյանին հանդիպած 10 «առանձնացյալների» գործարկած կայքի պատասխանատուն Կճոյանի գործավարն է․ 24News

24News 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և, ըստ էության, Հայ Առաքելական Եկեղեցուց իրենց դուրս դրած 10 բարձրաստիճան հոգևորականները նոր կայք են գործարկել։

Վերջերս «հայտնված» barenorogum.am կայքում տեղադրված է 10 առանձնացյալ հոգևորականների վերջին հայտարարությունը, որը ստացել է «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին, եպիսկոպոսներին, վարդապետ և քահանա հայրերին, ՀՀ պետական, քաղաքական գործիչներին, մտավորականներին, հավատավոր մեր ժողովրդին» անվանումը։

Կայքի հետ կապված հարցերին, համաձայն զետեղված տեղեկատվության, պատասխանում է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավար Ալմաստ Մուրադյանը։

24News-ի տեղեկությունների համաձայն, Մուրադյանը իրականացրել է նաև Նավասարդ արքեպիսկոպոսի գործավարի գործառույթները։

24News-ը փորձեց զրուցակցից հետաքրքրվել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում կայքի գործարկումը, ինչի՞ համար է բացվել։

«Կայքը նախատեսված է հայտարարության համար, այն արդեն դրված է, տեսնում եք, եթե ինչ-որ նյութեր լինեն, դրանից արդեն պարզ կլինի, թե որոնք են կայքի նյութերը»,-նշեց նա։

Մեր այն դիտարկմանը, թե արդոք այդ կերպ նշված բարձրաստիճան հոգևորականները Մայր Աթոռից առանձին գործունեություն չե՞ն ծավալում, նա նշեց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կայք բացել և հայտարարություն դնել։

«Որևէ մեկն օրենքով սահմանափակած չէ։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ, որ բացի կայք ու դնի հայտարարություն, պետք է Մայր Աթոռից թույլտվությո՞ւն ստանա։ Դա ձեր մեկնաբանությունն է, ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք, ես դա չեմ մեկնաբանում», – ասաց Ալմաստ Մուրադյանը։

Վերջում նա նշեց, որ կայքի աշխատանքները որևէ կապ չունեն Արարատյան Հայրապետական թեմի աշխատանքների հետ։

Leave a Comment