Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրգործ է հարուցվել կալանավորվածներին արգելված առարկա հանձնելու կամ փորձի հոդվածով․ ՔԿԾ

Գյումրիի քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի նկատմամբ քրգործ է հարուցվել կալանավորվածներին արգելված առարկա հանձնելու կամ դա անելու փորձի հոդվածով, հայտնել է ՔԿԾ-ն։

Ըստ հրապարակման՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կողմից Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ ՎԻՎՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը, որը պատժվում է տուգանքով՝ աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափց)։ Բացի այդ՝ համապատասխան միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ նրա վարքագիծը քննարկելու նպատակով՝ փաստաբանների վարքագծի կանոնագրքի համաձայն։

Ծառայությունից պարզաբանել են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Հիմնարկի ծառայողները Փոստանջյանին առաջարկել են հանձնել արգելված իրերը։ Փոստանջյանը հանձնել է անձնական հեռախոսն ու հայտնել, որ այլ արգելված իրեր չունի։

Զննության համար նախատեսված սենյակում սակայն ռենտգեն սարքի միջոցով նրա պայուսակում հայտնաբերվել է iPhone 7 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, որը վերցվել է ծառայողների կողմից։

Փաստաբանի և վստահորդի հանդիպումը չխոչընդոտելու նպատակով զննության արդյունքում հայտնաբերված հեռախոսի վերաբերյալ արձանագրությունը նախատեսվել է կազմել տեսակցության ավարտից հետո, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել արձանագրության կազմմանը, վերցրել է մուտքի ժամանակ հանձնած բջջային հեռախոսը և դուրս եկել բնակելի գոտու տարածքից, որտեղ սկսել է հեռախոսով նկարահանումներ կատարել մուտքի մոտ, խախտել անվտանգության կանոնները, աղմկել, մեղադրել քրեակատարողական ծառայողներին հեռախոսը գողանալու մեջ, ապա հեռացել հիմնարկից։

Նկարահանման ընթացքում փաստաբանը նաև մատնացույց է արել բնակելի գոտու մուտքի մոտ գտնվող առանց բանալիների պահարանները, որոնք չեն շահագործվում։

Միջադեպից հետո քրեակատարողական ծառայողը երկու անգամ հեռախոսազանգով կապ է հաստատել նրա հետ՝ առաջարկելով վերադառնալ հիմնարկ, մասնակցել արձանագրության կազմմանը, որից հետո հեռախոսը կվերադարձվի, սակայն նա մերժել է՝ ասելով, որ հաղորդում կներկայացնի իրավապահներին։

Leave a Comment