ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերը քննարկել են արցախահայության իրավունքները, գերիների և այլ հարցեր

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերը քննարկել են արցախահայության իրավունքները, գերիների և այլ հարցեր

1 դեկտեմբերի 2025 – 16:37 AMT

PanARMENIAN.Net – Նոյեմբերի 29-ին և 30-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը, որն անցկացվում է երկու տարին մեկ՝ Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ։

Խորհրդաժողովին մասնակցել է ավելի քան 20 պատվիրակ՝ Եվրոպայի տարբեր երկրներից, որոնք ներկայացնում են Հայ դատի քաղաքականապես ներգրավված և ակտիվ հանձնախմբերը։ Նրանք վերանայել են նախորդ ժամանակահատվածի աշխատանքը և վերահաստատել են իրենց համատեղ պատասխանատվությունը՝ միջազգային աջակցության ապահովման գործում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ներկայիս մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին, հայտնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Օրակարգում ներառվել են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ տարվող շարունակական ջանքերը, Արցախի էթնիկ զտումից փրկված հայերի պաշտպանությունը, ինչպես նաև արցախահայության՝ հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքի առաջմղումը։ Առանձնակի կարևորություն է տրվել Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանությանը։ Նշվել է նաև, որ անհրաժեշտ է համայնքներում ավելի մեծ ուշադրություն դարձնել երիտասարդների ներգրավմանը Հայ դատի աշխատանքներում։

«Խորհրդաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներսում ժողովրդավարական գործընթացների հետընթացին, որը, ըստ մասնակիցների, լրջորեն խոչընդոտում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի աշխատանքները՝ միջազգային շրջանակներում Հայաստանի շահերի պաշտպանման ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Այս համատեքստում ՀՅԴ Հայ դատի միջազգային հանձնախմբի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է․ «Եվրոպան շատ կարևոր և յուրահատուկ տեղ ունի Հայ դատի ցանցում։ Շատ կարևոր է ցանկացած գնով ավելի ամրապնդել Բրյուսելում գտնվող կենտրոնական գրասենյակի և տարբեր երկրներում գտնվող տարածաշրջանային հանձնախմբերի արդեն իսկ ակտիվ աշխատանքը և ապահովել, որ նրանք ստանան մեր համահայկական ցանցի աջակցությունը և հոգածությունը։ Հայաստանի պետականության ուժեղացմանը, Արցախի իրավունքների պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրանից բխող պահանջների առաջմղմանը, սփյուռքում ապրող հայերի իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հայ երիտասարդության միասնությունն ու քաղաքական ներգրավվածության խթանմանը միտված ձեռնարկների իրականացման գործում բոլորս կրում ենք այս խորհրդաժողովում ընդունված որոշումների իրականացման պատասխանատվությունը»։

Մասնակիցներն ընդգծել են նաև, որ կարիք կա խթանելու օտարալեզու լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ վերացնելու տեղեկատվական բացը, որը կա հայկական իրականության ու եվրոպական կառույցների ընկալման միջև։ Քննարկվել են մեխանիզմներ՝ միջազգային հանրությանը հասանելի դարձնելու հայկական կողմի դիրքորոշումը և մարտահրավերները՝ հատկապես կապված Հայոց եկեղեցու և Արցախի ժողովրդի իրավունքների հետ։

Խորհրդաժողովի ավարտին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր պատվիրակներին արդյունավետ աշխատանքի համար, նշել է․ «Հայ ազգն անցնում է իր պատմության ամենավտանգավոր շրջաններից մեկով, երբ հիմնարար կարևոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են։ Այնուամենայնիվ, մեր այս հավաքը և այն հավաքական պատասխանատվության զգացումը, որն այն ներկայացնում է, կրկին ընդգծում և վերահաստատում է մեր անսասան հանձնառությունը՝ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու ուղղությամբ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և առանձին երկրների հանձնախմբերի գործողությունների միջոցով կարևոր քայլեր են ձեռնարկվել արցախահայության վերադարձի իրավունքի առաջմղման և Բաքվում պատանդառված հայ գերիների ազատման գործում»։

Leave a Comment