1 դեկտեմբերի 2025 – 14:31 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պահանջել է իր համար ռուսերեն թարգմանել նոր մեղադրանքի փաստաթղթերն ամբողջությամբ:
Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը նշել է՝ եթե Խաչատուրովն այնուամենայիվ վստահելու է իր փաստաբան Միհրան Պողոսյանին ու ի վերջո չի կարդալու փաստաթղթերը, ապա դատարանի թարգմանությունը ձևական կլինի, գրում է Sputnik Արմենիան։
«Ձեր խոսքը դատարանի համար ծանր կշիռ ունի։ Եթե անձամբ ցանկանում եք ծանոթանալ գործին, ապա դատարանը ձեր իրավունքը չի սահմանափակի։ Ուղղակի, եթե չեք կարդալու, ապա ձևական կլինի մենք 3 հատոր թարգմանենք, տանք ձեզ, դուք էլ հաջորդ նիստերին հայտարարեք՝ չեք կարդացել, չեք էլ պատրաստվում»,- ասել է Պետրոսյանը։
Խաչատուրովն էլ կտրուկ արձագանքել է՝ պնդելով, որ պահանջում է թարգմանությունԼ
«Մի բան կասեմ՝ այսքան տարի դուք խաղում եք իմ նյարդային համակարգի հետ, ինչո՞ւ ես չպետք է նույնն անեմ։ Թարգմանեք, հետո կխոսենք»,–ասել է նա։
Դատավորն արձագանքել է՝ նշելով, որ թարգմանությունից հետո Խաչատուրովին հարցեր են տրվելու, և կարող է առաջանալ անհարմարություն, եթե նա չկարողանա պատասխանել։ Բարձրաստիճան զինվորականը հակադարձել է՝ «ինքը դատավորի ուսանողը չէ», որից հարցեր պահանջվեն պատասխանել։
Ի վերջո, Խաչատուրովը վերահաստատել է՝ պահանջում է թարգմանություն։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանն էլ նշել է, որ թարգմանված փաստաթղթերը կստանան և կծանոթանան դրանց։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 17-ին, ժամը 11։00-ին։
Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը մեղադրվել էին ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Սակայն 2021 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարանը այդ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական, ինչի հետևանքով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ամբողջությամբ ազատվել են հետապնդումից, քանի որ նրանց մեղադրանքը հիմնվում էր միայն այդ հոդվածի վրա։ Նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները և գույքի վրա դրված կալանքն էլ վերացվել են։
Այնուամենայնիվ, 2021 թվականի հուլիսին ՍԴ-ն որոշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը՝ հնարավորություն ընձեռելով դատախազությանը վերաորակել մեղադրանքներն ու գործի քննությունը վերասկսել։ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ նշել է, որ նիստերին ներկայանում է բարի կամքի դրսևորմամբ։