Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցությանը անդրադարձան ուղևորների տեղեկատվական համակարգի ընդլայնմանը։
Մինչև տարվա վերջ 36 կամգառներում շահագործման կդրվի ավտոբուսների և տրոլեյբուսների ժամանակացույցը։
<<Հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում, ի թիվս այլ մոդուլների, նախատեսված էր նաև ուղևորների տեղեկատվական համակարգի ներդրում։ Այս առումով արդեն իսկ համակարգը ներդրված է և դրա մի մասը, որը ինտերնետ միջավայրում տեղեկատվության տարածում էր։ Խոսքը գնում է Յանդեքս և Թուգիս հարթակների մասին, այս հարթակների միջոցով արդեն իսկ այս տեղեկատվությունը հասանելի է ուղևորներին, մասնավորապես ուղևորները հնարավորություն ունեն փնտրել, գտնել երթուղի և տեսնել ուղե ավտոբուսի ժամանմանը մնացած րոպեները>>,-գործակարգավորական խորհրդակցությանը ներկայացրել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Հավելելով, որ ծրագրի ընդլայնման շրջանակում նաև նախատեսված էր հասարակական տրանսպորտի կանգառասրահները կահավորել էլեկտրոնային չվացուցակի սարքավորումներով։ Նշեց, որ արդեն վեց կանգառասրահ պիլոտային ռեժիմով կահավորված էր սարքավորումներով և որոշակի ժամանակաշրջանը արդեն իսկ աշխատում էին։
Ընդգծեց․ <<Այս պահին ունենք ծրագրի ընդլայնման ևս մեկ փուլ, 30 սարքավորումներ արդեն իսկ ներկրված են Հայաստան և առաջիկայում իրականացվելու է դրա նախապատրաստական աշխատանքները, որպեսզի տեղակայվեն, տեղադրվեն և այս կանգառա-սրահներից ևս այս ծառայությունը հասանելի դառնա ուղևորներին>>։