1 դեկտեմբերի 2025 – 11:32 AMT
PanARMENIAN.Net – Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով միջոցառմանը խոսել է մի շարք ծրագրերի մասին։
Նա հայտնել է, որ գործերի քննության ողջամիտ ժամկետներ կսահմանվեն։ Նախատեսվում է, որ առաջին ատյանի քաղաքացիական և վարչական գործերի համար կսահմանվի 6 ամսվա դատավարական ժամկետ։;
Դատարանը կարող է երկարացնել այդ ժամկետը միայն պատճառաբանված որոշմամբ։
Նախարարը հայտնել է նաև, որ դատարանների բեռնաթափման նպատակով՝ քաղաքացիական վեճերի լուծման համար ներդրվել են այլընտրանքային մեխանիզմներ և թվային բարեփոխումներ։
«Մինչև 2 մլն դրամի չափով գումարի բռնագանձման գործերը փոխանցվել են նոտարներին կամ արբիտրաժի, ինչի արդյունքում քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է մոտ 80 տոկոսով՝ մոտ վեց անգամ։
Դատարանների թվայնացման ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվել՝ քաղաքացիական և վարչական դատավարական գործընթացներն ամբողջությամբ թվայնացվել են։ Սնանկության համակարգի թվայնացված տարբերակը պատրաստ կլինի 2026 թվականին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Պանելային քննարկման ժամանակ քննարկվել են նաև բիզնեսի համար կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորման հարցերը, ինչպես նաև դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ներդրումային գրավչության խթանմանն ուղղված նոր մոտեցումները։