Փաշինյանը կարողացել է եկեղեցու և ՀՀ-ի կառավարության միջև հակամարտությունը վերածել ներքին եկեղեցական դիմակայության․ ռուսական մամուլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարության միջև առճակատումը հասել է նոր մակարդակի։ Պետության ղեկավարը ստացել է ՀԱԵ բարձրագույն ղեկավարության մի մասի աջակցությունն՝ այդպիսով կաթվածահար անելով նրա կառավարումը։ Դրան նպաստել է Էջմիածնի գրասենյակի ղեկավար Արշակ Խաչատրյանի վերաբերյալ կոմպրոմատային նյութերի հրապարակումը․ գրել է Независимая Газета-ն։

ՀՀ քննչական կոմիտեն հաստատել է տեսագրության իսկությունը, որտեղ Խաչատրյանը ենթադրաբար սեռական հարաբերություն է ունենում իր քեռակնոջ հետ։ Խաչատրյանը պնդում է, որ հրապարակված տեսանյութը կեղծ է։

Կաթողիկոս Գարեգին Բ–ն վստահում է Խաչատրյանին։ «Սակայն նա գրեթե այլ ընտրություն չուներ։ Վերջին վեց ամիսների ընթացքում Փաշինյանն անընդհատ քննադատում էր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին՝ կոչ անելով նրա հրաժարականը»,- գրել է կայքը։

Ինչպես նշվել է, Գարեգին Բ-ի կողմից Խաչատրյանին աջակցելուց հետո վեց արքեպիսկոպոսներ և չորս եպիսկոպոսներ, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանը, հանդիպել են Փաշինյանին։

Գարեգին Բ-ի կողմնակիցները պնդում են, որ Փաշինյանը չի ցանկանում բարեփոխել եկեղեցին, այլ իր սեփական մարդուն նշանակելու նպատակ ունի։ Արդյունքում՝ Փաշինյանը կարողացել է եկեղեցու և Հայաստանի կառավարության միջև հակամարտությունը վերածել ներքին եկեղեցական դիմակայության, որտեղ վարչապետը աջակցում է կաթողիկոսի դեմ ընդդիմությանը։

Московский Комсомолец-ը գրել է, որ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցական պառակտումը շարունակվում է։ Անհամաձայնությունը հասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմ։  Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիպումն այն մարդու հետ, ով պատասխանատու է Արցախի հանձնման համար, նրա ձեռքը սեղմելը և նրա առջև խոնարհվելը արցախցիների մոտ զայրույթ և վրդովմունք է առաջացրել։ Ի պատասխան՝ արցախահայերն այլևս չեն ցանկանում Վրթանես եպիսկոպոս ին ճանաչել որպես իրենց հոգևոր առաջնորդ։

 

 

 

Leave a Comment