Ֆլորիդայում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունները քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղության ծրագիրը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններն արդյունավետ է որակել, ընդգծելով սակայն, որ դեռ անհրաժեշտ է շարունակական աշխատանք։ Ուկրաինական պատվիրակությանը ղեկավարող Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ևս հանդիպումը գնահատել է «արդյունավետ և հաջողված»։
Հանդիպումներից հետո հայտարարվում է, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության ծրագրի հաջորդ փուլը քննարկելու համար։
Հանդիպումը նախատեսվում է երեքշաբթի։
Ըստ AFP-ի և CNN-ի աղբյուրների՝ Ֆլորիդայի բանակցությունները եղել են բարդ, սակայն կառուցողական։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է, որ կողմերը շարունակում են առաջընթաց գրանցել և կա իրական հնարավորություն խաղաղ համաձայնության հասնելու։
Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ի առաջարկած և Ռուսաստանի հետ համատեղ մշակված սկզբնական խաղաղության ծրագիրը բաղկացած էր 28 կետից։ Այն մեծ մասամբ արտացոլում էր Մոսկվայի դիրքորոշումը և ներառում էր Կիևի համար անընդունելի պահանջներ՝ Ռուսաստանի կողմից գրավված ուկրաինական տարածքների անեքսիայի ճանաչում, Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակում և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարում։
Սակայն Ժնևում Ուկրաինայի և եվրոպական գործընկերների հետ անցկացված խորհրդակցություններից հետո փաստաթուղթը ենթարկվել է լուրջ փոփոխությունների։ Ծրագրի վերջնական տարբերակը հանրայնացված չէ, սակայն Կիևն ու Վաշինգտոնը հայտարարում են, որ բանակցություններում «զգալի առաջընթաց» կա։