Հանդիպումը եղել է արդյունավետ. Ռուբիո

Հանդիպումը եղել է արդյունավետ. Ռուբիո

Կիրակի օրը ԱՄՆ-ը և Ուկրաինան Ֆլորիդայում ավարտել են մոտ չորսժամյա բանակցությունները։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Մոսկվա այցից առաջ։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության հետ Ֆլորիդայում կայացած հանդիպումը եղել է արդյունավետ, սակայն խաղաղ համաձայնության որոնման գործընթացում դեռ շատ աշխատանք կա։

«Խոսքը ոչ միայն կրակի դադարեցման պայմանների մասին է, այլև այն պայմանների մասին, որոնք Ուկրաինային կապահովեն երկարաժամկետ բարգավաճում։ … Կարծում եմ՝ այսօր մենք առաջընթաց գրանցեցինք այդ ուղղությամբ, բայց դեռ շատ անելիք կա»,- ասել է Ռուբիոն։

Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ։

Ամերիկյան կողմից բարձրաստիճան բանակցություններին մասնակցել են Մարկո Ռուբիոն, Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտնել է, որ իրեն զեկուցել են բանակցությունների մասին և որ «Ուկրաինան մի քանի բարդ խնդիր ունի»՝ նկատի ունենալով կոռուպցիոն սկանդալը, որը, նրա խոսքով, «օգտակար չէ»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է. «Կա լավ հնարավորություն, որ մենք կկարողանանք համաձայնության գալ»։

Leave a Comment