Իջևանում ուսուցչուհու՝ աշակերտին հարվածելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Իջևանի դպրոցներից մեկում աշակերտի նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից (ՔԿ)։

ՔԿ-ի տվյալներով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն)։ Այն պատժվում է առավելագույնը երկու ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկմամբ։ Կատարվում է նախաքննություն։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 9-ին Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ալվարդ Պետրոսյանը ձերբակալվել է աշակերտի ծնողի բողոքից հետո։ Թերթի տվյալներով՝ ուսուցչուհին դասի ընթացքում տետրով հարվածել է աշակերտներից մեկին, ինչից հետո երեխայի հայրը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ մանկավարժը ֆիզիկական ցավ է պատճառել իր երեխային։

Պարբերականի տվյալներով՝ ուսուցչուհուն տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նա մնացել է մեկ օր, ապա ազատ արձակվել։

Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) «Հրապարակ»-ին հաստատել են, որ հոկտեմբերի 9-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացված ահազանգի հիման վրա կազմված փաստաթղթերը և նշված անձը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։ Այլ մանրամասներ չեն հայտնել։

Դպրոցի տնօրեն Մանե Ղազումյանը պարբերականի հետ զրույցում տեղի ունեցածն անվանել է ընթացիկ խնդիր և ասել, որ հարցն արդեն լուծվել է։

«Ընթացիկ խնդիր է, ոչ մի լուրջ բան՝ կլուծվի։ Եթե եղել էլ է նման բան, խնդիրը կարող է լուծվել և լուծվել է արդեն։ Ոչ մի խնդիր հիմա չկա։ Երեխայի հետ ոչ մի խնդիր չկա»,- ասել է տնօրենը։

Հոկտեմբերի սկզբին Հայաստանում հայտնի էր դարձել նաև մանկավարժների կողմից երեխաների նկատմամբ ենթադրյալ բռնության մի քանի այլ դեպքերի մասին։ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի դպրոցի ուսուցչուհին երկրորդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն գործադրելու գործով հոկտեմբերի 9-ին ենթարկվել էր երկու ամսով տնային կալանքի։ Քննության տվյալներով՝ մանկավարժը երեխային հարվածել էր ցուցափայտով, ապա՝ ձեռքով։

Ավելի ուշ տեղեկություններ էին հրապարակվել նաև Սիսիանում վեցամյա երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ուսուցչուհու ձերբակալության մասին։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի դպրոցում 11-ամյա աշակերտի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքով։

Leave a Comment