Հռոմի Պապ Լևոն XIV-ին թոքի վիրահատության համար հոսպիտալացրել են – armeniatoday.am

Հռոմի Պապ Լևոն XIV-ը տեղափոխվել է Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոց, որտեղ նրա թոքից կհեռացնեն փոքր հանգուցային գոյացություն, հայտնում է Vatican News-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։ Սա պոնտիֆիկոսի առողջական առաջին լուրջ խնդիրն է գահակալության 17 ամիսների ընթացքում, գրում է Reuters-ը։

Վիրահատությունը նախատեսված է հոկտեմբերի 13-ի կեսօրից հետո։ Այն կանցկացնի կրծքային վիրաբուժության թիմը՝ պրոֆեսոր Ստեֆանո Մարգարիտորայի ղեկավարությամբ։ Գործակալության մեջբերած բժշկական փորձագետների կարծիքով՝ վիրահատությունը թույլ կտա պարզել՝ արդյոք գոյացությունը չարորակ է, և ինչ հետագա բուժում է անհրաժեշտ։

Գոյացությունը հայտնաբերվել է պլանային հետազոտության ժամանակ, լրագրողներին հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։ Պոնտիֆիկոսն ինքը հոկտեմբերի 11-ին ասել էր, որ գոյացությունը հայտնաբերվել է վաղ փուլում և «տեղայնացված է»։ Լևոն XIV-ը 71 տարեկան է։

Պապը հիվանդանոց է մեկնել սև ամենագնացով և մեքենայի պատուհանից ձեռքով ողջունել հավաքվածներին։ «Ջեմելլիի» մուտքի մոտ նա ձեռքսեղմում է արել մի քանի պաշտոնյաների հետ և անցել իրեն առողջություն մաղթող մարդկանց մոտով։

Նախնական գնահատականներով՝ վիրահատությունից հետո Պապը հիվանդանոցում կմնա մոտ մեկ շաբաթ։ Նրա բոլոր հանրային միջոցառումները չեղարկվել են մինչև հոկտեմբերի 20-ը, հաղորդում է գործակալությունը։ Վատիկանը խոստանում է երեկոյան նոր տեղեկություններ հրապարակել նրա առողջական վիճակի մասին։

Leave a Comment