Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց տեխնիկա է բերվել կրպակներն ապամոնտաժելու համար, կրպակատերերն ու վարձակալները կրկին ժամանակ են պահանջում հարցն ավելի հանգիստ լուծելու համար, հայտնում է Sputnik Արմենիան:
Արդեն մի քանի օր շարունակ տարածքում գործող առևտրային կետերի սեփականատերերն ու վարձակալները փորձում են կանխել իրենց խանութների քանդումը։ Վարձակալները պնդում են, որ իրենց անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ գործունեությունն այլ վայր տեղափոխելու համար, մինչդեռ կրպակատերերը հայտարարել են, որ զբաղեցրած տարածքներն ու իրենց պատկանող գույքն օրինական են։ Երկու խանութի սեփականատերեր արդեն դիմել են դատարան, որտեղ որոշում է կայացվել, որ այդ տարածքների քանդումն ապօրինի է:
«Մենք ընդամենը ժամանակ ենք խնդրում, բայց մեզ այն չեն տալիս: Փաստի առաջ եմ կանգնած այսօր»,- ասել է վարձակալ Էդիկ Ֆահրադյանը:
Կրպակների սեփականատերերից Դավիթ Նահապետյանն իր հերթին ընդգծել է, որ առևտրային օբյեկտների վրա արդեն տեղադրվել են դատարանների համապատասխան որոշումները, որոնց համաձայն՝ այդ խանութների ապամոնտաժումն իրականացնելու իրավունք չկա։
Իրավիճակին տեղում հետևելու և նախատեսված աշխատանքները համակարգելու նպատակով Շինարարների փողոց է ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարը հավաստիացրել է, որ հետագայում աջակցություն կտրամադրվի տարածքների վարձակալներին։ Միաժամանակ նախատեսվել են քննարկումներ կրպակների սեփականատերերի հետ՝ հնարավոր փոխհատուցման հարցերը կարգավորելու նպատակով։
Նա նշել է, որ չեն քանդվելու են այն շինությունները, որոնք ունեն դատարանի արգելանք: Դրանք 13-ն են: