Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Թե որտեղ կանցկացվի «3+3» ձևաչափի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստը, այժմ պետք է որոշեն Բաքուն և Երևանը։ Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին», — ասել է Կալուգինը։
Կալուգինը նաև հայտնել է, որ «3+3» ձևաչափի շրջանակում գործնական համագործակցությունն ընդլայնվում է։ Մասնավորապես, հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ПМЭФ) շրջանակում մեկնարկել է «3+3»-ի փորձագիտական հարթակը, որին մասնակցել են տարածաշրջանի բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Վրաստանի, քաղաքագետները։
«Հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում, նախատեսվում է ձևաչափի առաջին հանդիպումը՝ էներգետիկ համագործակցության հարցերի վերաբերյալ», — նշել է դիվանագետը։