Վնասել է տանտիկնոջը նրա երեք երեխաների ներկայությամբ



Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ այսօր ժամը 14:15-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին:


Ըստ ԱԱԾ-ի՝ երկու օր առաջ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։


«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ», – հայտնում է ԱԱԾ-ն:

Այսօր արդեն ոստիկանությունը ահազանգ է ստացել կրակոցի մասին. – «Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», – հայտնում է ԱԱԾ-ն:

Ադրբեջանցի զինվորի մասնակցությամբ զինված միջադեպի մասին «Ազատությանը» մանրամասներ է պատմել Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը: Նա պատմեց, որ ավտոմատով զինված տղամարդը մուտք է գործել գյուղի տներից մեկն ու վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:

«Բռնեցին, տարան իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնեց գյուղապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment