ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է Խորհրդարանական ընտրության անցկացման և արդյունքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության զեկույցը: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր մտահոգությունները կիսում եմ, նաև առաջարկները, բնականաբար, ամենայն խորությամբ մենք կդիտարկենք, որովհետև այս պահին մենք վերլուծում ենք առաջարկները: Կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի, բայց, որպեսզի փորձագիտական մակարդակով մենք այդ հարցին անդրադառնանք, դա պետք է փորձագիտական մակարդակով էլ քննարկենք»,- ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններից անմիջապես հետո իրենք արձանագրել են, որ ընտրական համակարգում պետք է շատ լուրջ փոփոխություններ կատարել, որպեսզի ստեղծված իրադրություններն ինչ-որ ձևով կա՛մ բացառվեն, կա՛մ դրանց ազդեցությունը զրոյականի հասցվեն։