Վերջին շրջանում Հայաստանում ջրի որակի հետ կապված ահազանգերը շատացել են, իսկ որոշ համայնքներում ջրի հետ կապված խնդիրներ են արձանագրվել։
Իսկ ինչպե՞ս կարելի է տանը գոնե նախնական պատկերացում կազմել ջրի վիճակի մասին։
Կա շատ պարզ մեթոդ․ վերցրեք մաքուր, սպիտակ անձեռոցիկ կամ սուրճի ֆիլտր և ջուրը անցկացրեք դրա միջով։ Այնուհետև նայեք՝ արդյոք թղթի վրա մնացել են շագանակագույն, դեղին, սև կամ այլ գույնի հետքեր, նստվածք կամ տեսանելի մասնիկներ։
Եթե նման հետքեր նկատվում են, դա կարող է հուշել, որ ջրում կան որոշ կեղտի մնացորդներ կամ մասնիկներ, և ջուրն արժե լրացուցիչ ստուգել։
Մյուս տարբերակը ջրի բազմապարամետր թեստ-շերտերն են։ Դրանք կարելի է գտնել դեղատներում կամ մասնագիտացված խանութներում։ Թեստ-շերտը ջրի մեջ ընկղմելուց հետո ստացված գույնը համեմատում եք փաթեթի սանդղակի հետ։ Կախված թեստի տեսակից՝ կարելի է նախնական ստուգել, օրինակ, pH-ը, ջրի կարծրությունը, քլորը, նիտրատներն ու նիտրիտները։
Սակայն կարևոր է հիշել՝ այս տնային մեթոդները նախնական ստուգման համար են։ Անձեռոցիկով կամ սովորական բազմապարամետր թեստ-շերտով հնարավոր չէ վստահորեն բացառել սնդիկի, կապարի կամ այլ ծանր մետաղների առկայությունը։
Դրանք կարող են լինել ջրում նույնիսկ այն դեպքում, երբ ջուրը ամբողջովին թափանցիկ է։
Ուստի Past.am-ը հորդորում է, եթե կասկած ունեք ջրի որակի վերաբերյալ, տնային ստուգումը կարող է լինել միայն առաջին քայլը, իսկ վերջնական պատասխանը տալիս է հատուկ լաբորատոր հետազոտությունը։