ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար





«Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հավաքական աղոթք է հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեսպանությունից։ 

«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի,

Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական

-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։

Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։

Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում»,- հայտնում են դեսպանությունից։

Դատելով հաղորդագրությունից, բացարձակապես ոչ մի ծպտուն չի հնչել Արցախում հայկական բազմադարյա եկեղեցիներն ապականելու, պղծելու և «ադրբեջանականացնելու», Բաքվի բանտերում խոշտանգվող հայ գերիների մասին: Կեցցե՜ Թրամփը, որ Հայաստանի հարավում իր անվան ուղու 16 տոկոսն «իրենով արեց», որպեսզի հարևան Իրանի համար պրոբլեմներ հարուցի: 
Լուսանկարից շատ պարզ երևում է, որ հատկապես ՀԱԵ ամերիկյան թեմերի առաջնորդները չափազանց երջանիկ են: Չի-ի՜իզզզ…
Դժվար է ասել. երջանիկ են, որ Օվալաձև պատմական աշխատասենյակո՞ւմ են հայտնվել, մեծն Թրամփի՞ն են տեսել, թե՞ այն պատճառով, որ դա հավեսով արել են ՀԱԵ-ն հալածող փաշինյանական իշխանության, ՔՊ մոլի կողմնակից ներկայացուցչի հետ:   


Leave a Comment