COP17-ի անցկացումը Հայաստանի համար ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքական և տնտեսական նշանակություն ունի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանելու շուրջ 15 հազար մարդ, այդ թվում՝ կարևոր հյուրեր, ինչը հնարավորություն կտա քննարկել տարածաշրջանային երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր։
«COP17-ը քաղաքական մեծ նշանակություն ունի, քանի որ մենք կարևոր, շատ կարևոր հյուրեր ենք ունենալու: Դա լավ առիթ է մեր հյուրերի հետ տարածաշրջանային երկկողմ և միջազգային օրակարգի հարցերը քննարկելու համար»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ COP17-ի օրերին Երևանում ճանապարհային սահմանափակումներ են նախատեսվում, իսկ մի քանի օր պետական համակարգը կաշխատի հեռավար եղանակով։
Փաշինյանի խոսքով՝ միջոցառման կազմակերպման նպատակը միայն քաղաքական ամբիցիան չէ։ Նա ընդգծել է, որ ակնկալվում է շուրջ 15 հազար այցելուի ներկայություն, որոնք օգտվելու են Հայաստանի սրճարաններից, ռեստորաններից, խանութներից, տաքսիներից, հյուրանոցներից և այլ ծառայություններից։
«Մենք դա անում ենք, որ այդ 15 հազար մարդ գա Հայաստան։ Գիտենք, որ բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, խանութներ, տաքսիներ, հյուրանոցներ, հյուրատներ և այլ ծառայություններ կան, դրանցից օգտվելու են, փող են ծախսելու, և մեր քաղաքացիները փող են աշխատելու»,– նշել է վարչապետը։
Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրվող գնաճին՝ Փաշինյանը հաստատել է, որ գնաճային երևույթներ կան։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկի աճի դեպքում կարող են ավելանալ նաև գնաճային երևույթները։