Քաղաքաշինական նախագծերի համաձայնեցումը կպարզեցվի․ ի՞նչ է առաջարկվում փոխել

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել քաղաքաշինական ծրագրերի և առանձին հողամասերի փոփոխությունների համաձայնեցման կարգը։ Նախագծով նախատեսվում է սահմանափակել կրկնակի համաձայնեցումները, հստակեցնել պետական մարմինների կարծիքների ներկայացման ժամկետները և որոշ դեպքերում պարզեցնել հողամասերի գործառնական նշանակության փոփոխության ընթացակարգը։

Նախագծի նպատակն է նվազեցնել անհարկի վարչարարությունը՝ միաժամանակ պահպանելով քաղաքաշինական պարտադիր պահանջներն ու հանրային շահերի պաշտպանության երաշխիքները։

Ի՞նչ է փոխվելու

1. Պետական մարմինները պետք է հիմնավորեն իրենց առարկությունները

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ բացասական կարծիքը կամ լրամշակման պահանջը պետք է պարունակի հստակ փաստական հիմք և համապատասխան իրավական կամ նորմատիվատեխնիկական փաստաթղթի կոնկրետ դրույթը։

Այսինքն՝ առարկությունը պետք է վերաբերի տվյալ մարմնի իրավասությանը և հիմնավորված լինի, այլ ոչ թե ներկայացվի ընդհանրական ձևակերպումներով։

2. Կսահմանափակվեն կրկնակի համաձայնեցումները

Եթե նույն հողամասի կամ նախագծի վերաբերյալ նախկինում տրամադրված փաստաթուղթը շարունակում է գործել, և դրա հիմքում ընկած էական հանգամանքները չեն փոխվել, այն կրկին պահանջելու անհրաժեշտություն չի լինի։

Կրկնակի հարցման անհրաժեշտությունը պետք է գրավոր հիմնավորվի։

Նախագծով նախատեսվում է նաև սահմանափակել արդեն չփոփոխված հարցերի վերաբերյալ նոր առարկությունների հաջորդաբար ներկայացումը։

3. Կարծիքների ներկայացման ժամկետները կհստակեցվեն

Առաջարկվում է սահմանել կարծիքների ներկայացման ժամկետների հաշվարկման կանոններ, ինչպես նաև մեկ անգամ՝ առավելագույնը հինգ աշխատանքային օրով ժամկետը երկարաձգելու հնարավորություն։

Եթե սահմանված ժամկետում պատշաճ բացասական կարծիք չներկայացվի, ընթացակարգային նպատակներով այն կհամարվի առարկություն չներկայացված։

Սակայն այս կարգավորումը չի փոխարինի օրենքով պարտադիր պահանջվող դրական եզրակացություններին, համաձայնություններին կամ թույլտվություններին։

4. Որոշ հողամասերի փոփոխությունների համար առանձին ընթացակարգեր կսահմանվեն

Նախագծով տարանջատվում են հողամասի գործառնական նշանակության, կառուցապատման փուլերի և գոտիավորման կառուցապատման չափորոշիչների փոփոխությունները։

Եթե հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում դրա նպատակային նշանակության փոփոխության, առաջարկվում է նախատեսել համայնքի ղեկավարի որոշմամբ այն իրականացնելու ընթացակարգ։

Քաղաքաշինական գործունեություն նախատեսելու դեպքում գործընթացը կկապվի նաև նախագծման թույլտվության տրամադրման կարգի հետ։

5. Պետական և ներդրումային ծրագրերի դեպքում կգործի պարզեցված ընթացակարգ

Կառավարության որոշմամբ հաստատված պետական, պետական մասնակցությամբ կամ ներդրումային քաղաքաշինական ծրագրերում հողամասի և նախատեսվող օգտագործման հստակ նույնականացման դեպքում առաջարկվում է գործառնական նշանակության փոփոխության պարզեցված ընթացակարգ։

Նախագծով նախատեսվում է արդեն գնահատված հարցերը կրկին չքննարկել։

Կարևոր է․ ծրագրի հաստատումն ինքնին չի փոխում հողամասի գործառնական նշանակությունը և չի փոխարինում իրավասու մարմնի համապատասխան որոշմանը։

6. Ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկությունները կստացվեն ավելի հստակ կարգով

Առաջարկվում է կանոնակարգել ինժեներական և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների, դրանց տեղադիրքի ու պահպանական գոտիների վերաբերյալ տեղեկությունների ստացումը։

Եթե անհրաժեշտ տեղեկությունը պետք է ստացվի իրավասու մարմնի հարցմամբ, դրա բացակայությունն ինքնին չի կարող դիմումը մերժելու, վերադարձնելու կամ վարույթը կասեցնելու հիմք լինել։

Սա չի վերացնում տեխնիկական պայմանների, ցանցին միանալու կամ պարտադիր թույլտվությունների պահանջները։

7. Ավագանու նիստերի չկայանալու դեպքում նախատեսվում է բացառիկ մեխանիզմ

Եթե նույն հարցով պատշաճ հրավիրված ավագանու երեք հաջորդական նիստերը չեն կայացել բացառապես քվորումի բացակայության պատճառով, առաջարկվում է սահմանափակ դեպքերում կիրառել դիմումի լուծման բացառիկ ընթացակարգ։

Այն չի տարածվի, մասնավորապես, ավագանու կողմից արդեն մերժված հարցերի, հողամասի նպատակային նշանակության կամ հիմնական գոտիավորման փոփոխությունների վրա։

Այս և որոշ այլ կարգավորումների կիրառումը պայմանավորված է հարակից օրենսդրական փոփոխությունների ընդունմամբ։

Leave a Comment