Շվեդիան ներկայացնող հայ ձյուդոյիստը երկրորդն է, Գոռ Կարապետյանը՝ 7-րդը Բուդապեշտում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարում

Հայաստանի հավաքականի ձյուդոիստ Գոռ Կարապետյանը Բուդապեշտում կայացած «Մեծ սաղավարտի» մրցաշարում մինչև 100 կգ քաշայինների կարգում զբաղեցրել է յոթերորդ տեղը։

20-ամյա հայ մարզիկը մրցաշարի ընթացքում անցկացրել է չորս գոտեմարտ։ Մեկնարկում Կարապետյանը հաղթանակներ է տարել Հյուսիսային Մակեդոնիայի և Սերբիայի ներկայացուցիչների նկատմամբ։

Քառորդ եզրափակչում հայ ձյուդոիստը պարտվել է Պորտուգալիայի ներկայացուցչին և պայքարը շարունակել սփոփիչ փուլում։ Այնտեղ Կարապետյանը զիջել է բուլղարացի մարզիկին՝ մրցաշարն ավարտելով յոթերորդ հորիզոնականում։

Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները չեն կարողացել հաղթահարել առաջին փուլը։ Վահե Աղասյանը (60 կգ), Աշիկ Անդրեասյանը (60 կգ) և Արտակ Թորոսյանը (73 կգ) պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և ավարտել ելույթները։

Միևնույն ժամանակ մրցաշարի մեդալ է նվաճել Շվեդիան ներկայացնող հայ ձյուդոիստ Նարեկ Վարդանյանը։ 18-ամյա մարզիկը արծաթե մեդալ է նվաճել մինչև 73 կգ քաշային կարգում։ Վարդանյանի համար սա կարիերայի առաջին մեդալն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Leave a Comment