Հաջիևի հայտարարությունը՝ խաղաղության գործընթացի փորձություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաջիևի հայտարարությունը՝ խաղաղության գործընթացի փորձություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գանձասարում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները փոթորկել են Հայաստանի սոցցանցերն ու մամուլը։ Հայկական մշակութային ժառանգության նկատմամբ քամահրական և մերժողական վերաբերմունքն առաջացրել է շատերի զայրույթը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում արձագանքել է կատարվածին։

«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

Ռուբինյանի խոսքով՝ կարևոր է, որ այժմ կողմերի անհամաձայնություններն ու վեճերը նման հարցերի շուրջ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով։

«Խաղաղության կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ Գանձասարում տեղի ունեցածը միանշանակ խոչընդոտում է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի առաջմղմանը։

«Պարբերաբար լինում են դրսևորումներ, որոնք, կարծես թե, հակառակ ուղղությամբ են տանում պրոցեսը։ Դա կարելի է որպես սխալներ ընկալել, միգուցե՝ գործընթացը տանել այն հունով, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին»։

Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացի արդյունավետության համար պակաս կարևոր չեն հանրային ընկալումներն ու զգացմունքները։

«Պետք է հաշվի առնել նաև հասարակական արձագանքներն ու ընկալումները։ Այդ ընկալումները հայկական հասարակության շրջանում չէին կարող բացասական չլինել, քանի որ բավականին լայն շրջանակներին ասում են, որ դու՝ դու չես՝ քո ինքնությամբ հանդերձ։ Դու քո ինքնության առումով ինչ-որ թյուրիմացության մեջ ես ընկնում, և դա չի կարող պատասխան ագրեսիվ վերաբերմունքի չվերածվել»։

Նավասարդյանի խոսքով՝ անկախ նրանից՝ ինչ հաշվարկներ ուներ ադրբեջանական կողմը կազմակերպչական աշխատանքների և հայտարարությունների հարցում, այդ հաշվարկները սխալ էին։

«Միանշանակ, մեր հանդիպումներում, որոնք ունենալու ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ նաև մոտակա ժամանակում, մենք այդ թեման շեշտելու ենք»։

Նավասարդյանը նաև կարևորում է միջազգային դիվանագետների արձագանքը՝ նշելով, որ Գանձասարում տեղի ունեցածը չպետք է անարձագանք մնա։

«Սա հենց այնպես չի անցնելու, և կարծում եմ՝ որոշակի ազդեցություն և դժգոհություն պետք է հայտնվի նաև միջազգային դիվանագետների մոտ, որոնք մասնակցել են այդ միջոցառմանը։ Եվ դիվանագիտական էթիկային հակառակ, փաստորեն, էդտեղ դրվագներ են եղել»։

Եթե կողմերի միջև խնդիրներ են առաջանում, դրանք, Նավասարդյանի համոզմամբ, պետք է ուղղակիորեն քննարկել միմյանց հետ՝ հետագայում նման դրվագներն ու նախադեպերը բացառելու համար։

Radar Armenia-ի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում է հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Եվ Հաջիևի հայտարարությունների ֆոնին այդ քննարկումներն ավելի ուշագրավ են դառնում։ Ի դեպ, կատարվածի թեմայով «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներն այսօր հայտարարություն էին տարածել՝ նշելով․ «Վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը և լրացուցիչ տարածք են ստեղծում նրանց համար, ովքեր պնդում են, թե երկխոսությունն անիմաստ է, իսկ խաղաղության հասնելու փորձերը՝ ապարդյուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment