Հաջիևը հերսից էր ծիծաղում, որովհետև 44-օրյա պատերազմի օրերին Գանձասարի հոգևոր գանձերը հայ կամավորները տեղափոխել են Երևանի Մատենադարան

Հիքմեթ Հաջիևը հաստատ տեղյակ է, որ 2020 թվականի 44–օրյա պատերազմի օրերին Գանձասարի մատենադարանի ամբողջ  հավաքածուն՝ ավելի քան 100 ցուցանմուշ, տեղափոխվել է Երևան:
Տեղյակ է, որ հայ կամավորներն են Մատենադարանի նախկին ղեկավարության նախաձեռնությամբ մեր գանձերը տեղափոխել Երևան, որպեսզի ազերի հրոսակների բաժին չդառնային, չայրվեին, չպղծվեին։ Տեղյակ է, ու քանի որ Գանձասարի ձեռագրերն իրենց ամեն ինչ ապականող ու կործանող ձեռքերից դուրս են պրծել, փրկվել, ջղայնությունից, հերսից, անզորությունից իրեն ուտում է, իր արևին ծաղրում մեզ ու դատարկ էջերով գիրքը ներկայացնում որպես «հայկական հին ձեռագիր»։

Գողոնը, ավարը ձեռքից բաց թողած Հաջիևը պարտված է՝ 13-րդ դարի հայկական Գանձասարը բռնազավթել է, բայց հայկական մատյանները՝ ոչ։

Ոչ ոք չի կասկածում, որ եթե Գանձասարի մատյանները ժամանակին չփախցվեին այնտեղից, ադրբեջանցիները դրանք վաղուց ոչնչացրած կլինեին, որովհետև հայերեն գրերը, մանրանկարչական նմուշները մատնելու էին դրանց հայկականությունը։ Դիվանագետների համար էքսկուրսիա կազմակերպելու օրը Հաջիևը հայկական մատյանները փռելո՞ւ էր նրանց առաջ, ի՞նչ էր ասելու՝ հայերեն տառերն «իրենց աղվան նախնինե՞րն» են գրել մատյաններում։ Դիվանագետներից ոչ ոք չի համարձակվել Հաջիևի երեսին շրխկացնել՝ Դադիվանքի, Գանձասարի հայերեն արձանագրություններից չե՞ս ամաչում, որ պատմությունը կեղծում ես, որտե՞ղ են հայերեն արձանագրությունների հեղինակները, այս մշակույթը կրողները, ի՞նչ ես արել նրանց հետ։ Չասացին, լռեցին։ Բայց կլռեի՞ն, եթե Գանձասարի թանգարանի ցուցափեղկերի տակ տեսնեին հայրերեն տեքստերով 100 մատյան։

44-օրյա պետարազմի օրերին, զգալով Արցախում պահվող ձեռագրերը կորցնելու վտանգը, Մատենադարանի այն ժամանակվա տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն է նախաձեռնել դրանք պատերազմի մեջ  գտնվող Արցախից Երևան տեղափոխելու գործը։

Գանձասարի գանձերը փրկելու ազգանվեր առաքելությունը 44-օրյա պատերազմի օրերին ստանձնել են գնդապետ Անահիտ Մարտիրոսյանը և նրա մարտական ընկերը։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ցուցահանդեսի բացմանը շնորհակալագրեր հանձնեց գնդապետ Անահիտ Մարտիրոսյանին և նրա մարտական ընկերոջը, ովքեր աթս-ների հարձակումների տակ իրականացրել էին մեր հինավուրց ձեռագրերի փրկությունը։

Մատենադարանում կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշի, Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն իր խոսքում նշեց․ «Պատերազմի ամենաթեժ պահին Գանձասարի մեր մասնաճյուղից Երևան տեղափոխվեցին մեր բոլոր ցուցանմուշները։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գանձասարի մասնաճյուղի մեր աշխատակիցներին՝ տնօրեն Արամ Թորսյանի գլխավորությամբ այդ գործը կազմակերպելու համար, բայց հատկապես մեր կամավորներին տարհանման աշխատանքներին աջակցելու համար»:

Այդ առիթով Մատենադարանի կողմից շնորհակալագրեր տրվեցին փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանին, Գագիկ Բայադյանին և Էլեն Բաբալյանին։

Leave a Comment