Tour of Armenia-ն ավարտվեց․ հայտնի են հեծանվավազքի հաղթողները – armeniatoday.am

Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Երևանում, որտեղ հայտարարվել են մրցաշարի հաղթողները, տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։

Ընդհանուր հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի Սիմոնե Ռականին՝ Ukyo թիմից, երկրորդը դարձել է Դանիայի ներկայացուցիչ Քևին Բիելը, երրորդը՝ իտալացի Լուկա Կովիլին։

Ռականիին գլխավոր մրցանակը և Tour of Armenia-ի հաղթողի կոչումը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բիելին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կովիլիին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մրցաշարի լավագույն թիմ է ճանաչվել Չեխիան ներկայացնող ATT Investments-ը։

Երևանում անցկացված եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլում, հեծանվորդները 9,4 կմ երկարությամբ քաղաքային շրջապտույտում անցել են 10 շրջան՝ ընդհանուր 94 կմ։ Երևանի Մրցափուլի հաղթող է դարձել իտալացի Միշելե Գազոլին։

Լեռնային դասակարգման առաջատարի՝ «լեռների արքայի» կոչումը և կապույտ մարզաշապիկը ստացել է իտալացի Լեոնարդո Վեսկոն։ Լավագույն երիտասարդ հեծանվորդ է ճանաչվել դանիացի Քևին Բիելը, որն արժանացել է սպիտակ մարզաշապիկին։

Պարգևատրման արարողությունից հետո Փաշինյանը հայտարարել է, որ մրցաշարը շարունակական է լինելու։

«Այս մրցաշարը, որը միջազգային շուրջ տասնյակ հեռուստաընկերություններով եթեր է հեռարձակվել, միանշանակ բարձրացնում է Հայաստանի տեսանելիությունը և ճանաչելիության մակարդակը»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև մրցաշարն անվանել է Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության «պայծառ և պերճախոս վկայություն» և հույս հայտնել, որ հաջորդ տարի այն կանցկացվի ավելի բարձր մակարդակով։

Tour of Armenia-ն մեկնարկել էր սեպտեմբերի 10-ին՝ Գավառից։ Սեպտեմբերի 11-ին այն անկացվել էր Կիրանց-Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի-Դիլիջան երթուղով։ Չորս մրցափուլի ընթացքում աշխարհի տարբեր երկրների 16 թիմի հեծանվորդներն ընդհանուր առմամբ անցել են ավելի քան 500 կմ։

Leave a Comment