Եմենի հյուսիսը վերահսկող շիա «Անսար Ալլահ» («Հութի») ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հարավարևմտյան Նաջրան նահանգում գտնվող ռազմակայանի վրա հարձակման մասին։
«Մենք հատուկ ռազմական գործողություն իրականացրինք՝ թիրախավորելով Սաուդյան Արաբիայի Շարուրա շրջանի ռազմակայանում տեղակայված զենքի պահեստներն ու հրամանատարական կենտրոնները, որոնք օգտագործվում էին մեր երկրի վրա հարձակումների համար», — «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Նա հստակեցրել է, որ գործողությունն իրականացվել է մեծ թվով բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ ի պատասխան Եմենի ռմբակոծման։ Ըստ հութիների ներկայացուցչի՝ հրթիռները դիպուկ խոցել են թիրախները։