«Տեր» բառն այստեղ նույնքան հետաքրքիր է, որքան սեփականության շուրջ ամբողջ վեճը, որովհետև բնակարանը տեր ունի։ Գործարանը՝ բաժնետեր։ Բայց էլեկտրական ցանցը սովորական մասնավոր սեփականություն չէ, այն բնական մենաշնորհ է, որի միջոցով էլեկտրաէներգիա է ստանում ամբողջ երկիրը՝ բնակարանից մինչև հիվանդանոց, դպրոցից մինչև ռազմական օբյեկտ։ Այստեղ սեփականության իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է հանրային կենսական շահը։
Ժամանակակից պետությունները սա վաղուց են հասկացել։ Էլեկտրական ցանցերը, երկաթուղիները, ջրամատակարարումը, նավահանգիստներն ու հեռահաղորդակցության հանգույցները կարող են լինել մասնավոր սեփականություն, պետական սեփականություն կամ երկուսի համադրություն, բայց ոչ մի լուրջ պետություն դրանց նկատմամբ չի վերաբերվում այնպես, ինչպես սովորական առևտրային ակտիվի։
Երբ Մարգարեթ Թետչերը սեփականաշնորհում էր բրիտանական տնտեսությունը, նույնիսկ ամենաազատական համակարգերից մեկը չվերացրեց կարգավորող պետությունը։ Եվրոպայում էլեկտրական ցանցերի մի մասը պետական է, մյուսը՝ մասնավոր, բայց բոլորի վերևում կանգնած է նույն սկզբունքը՝ ցանցի սեփականատերը կարող է լինել մասնավորը, ցանցի վերջնական պատասխանատուն պետությունն է։
Հայաստանում այս տարբերակումը հատկապես կարևոր է։ Կառավարությունն արդեն առաջարկում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ճանաչել հանրության գերակա շահ։ Պաշտոնական հիմնավորումը պարզ է․ էլեկտրաէներգիայի բաշխումը կենսական հանրային ծառայություն է, ցանցը՝ ռազմավարական ենթակառուցվածք, որի խափանումը կարող է առաջացնել լայն սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Այսինքն՝ պետությունը ՀԷՑ-ն այլևս չի դիտարկում պարզապես որպես ընկերություն։ Այն դիտարկում է որպես ազգային կենսագործունեության համակարգ։
Այստեղից էլ սկսվում է իրական բանավեճը։
Սեփականության իրավունքը ժողովրդավարական պետության հիմնասյուներից է։ Պետությունը չի կարող վերցնել մասնավոր սեփականությունը միայն այն պատճառով, որ սեփականատիրոջ հետ քաղաքական հակամարտության մեջ է։ Չի կարող գինը որոշել քաղաքական նպատակահարմարությամբ։ Չի կարող «հանրային շահը» դարձնել պատրվակ մասնավոր կապիտալին պատժելու համար։
Եթե ՀԷՑ-ը օտարվում է, սեփականատերը պետք է ստանա օրենքով նախատեսված արդար փոխհատուցում, գնահատումը պետք է լինի անկախ ու մասնագիտական, իսկ յուրաքանչյուր որոշում՝ դատական վերահսկողության ենթակա։ Հակառակ դեպքում պետականացումը ոչ թե պետության ուժի, այլ իրավական անորոշության ցուցադրություն կլինի։
Բայց սեփականության իրավունքն էլ բացարձակ չէ։
ՀԷՑ-ի բաժնետերը չի տնօրինում միայն իր ներդրած կապիտալը։ Նա կառավարում է ենթակառուցվածք, որից կախված է երեք միլիոն մարդու առօրյան և ամբողջ տնտեսության աշխատանքը։ Այդ պատճառով «չեմ վաճառում» արտահայտությունը սովորական ընկերության դեպքում կարող էր փակել բանակցությունը։ Բնական մենաշնորհի դեպքում այն չի կարող փակել հանրային շահի հարցը։
Սա է մասնավոր սեփականության և ռազմավարական ենթակառուցվածքի տարբերությունը։ Հայաստանի խնդիրը, սակայն, չպետք է ավարտվի մեկ այլ ծայրահեղությամբ՝ «Կարապետյանից վերցնենք և պետությանը տանք»։
Պետությունը միշտ չէ, որ լավ կառավարիչ է։ Աշխարհը լի է պետական ընկերություններով, որտեղ քաղաքական նշանակումները, վատ կառավարումը և ներդրումների պակասը նույնքան վնաս են հասցրել, որքան անպատասխանատու մասնավոր մենաշնորհները։ Պետական սեփականությունը դեռ հանրային արդյունավետություն չէ։ Հետևաբար ՀԷՑ-ի իրական բարեփոխումը պետք է սկսվի ոչ թե սեփականատիրոջ անունից, այլ կառավարման մոդելից։
Եթե պետությունը ձեռք բերի ցանցը, հաջորդ քայլը պետք է լինի միջազգային անկախ տեխնիկական և ֆինանսական աուդիտը, ակտիվների ու ներդրումային կարիքների ամբողջական գնահատումը։ Հայաստանը կարող է ուսումնասիրել պետական սեփականության և պրոֆեսիոնալ մասնավոր օպերատորի համագործակցության մոդելները։ Պետությունը կարող է պահել ռազմավարական վերահսկողությունը՝ առանց նախարարությանը էլեկտրական ցանցի օպերատոր դարձնելու, որովհետև ՀԷՑ-ի շուրջ վեճը իրականում շատ ավելի մեծ հարցի մասին է։
Քսանմեկերորդ դարում պետության ինքնիշխանությունը չափվում է նաև նրանով, թե ով է վերահսկում էլեկտրականությունը, ջուրը, տվյալները, կապը և ճանապարհները։ Ուկրաինայի պատերազմը Եվրոպային հիշեցրեց, որ էներգետիկ ենթակառուցվածքը նույնքան ազգային անվտանգության հարց է, որքան ռազմական բազան։ Էլեկտրացանցի խափանումը ժամանակակից հասարակությանը կարող է կաթվածահար անել առանց մեկ տանկի սահմանը հատելու։ Հենց այդ պատճառով ՀԷՑ-ը չի կարող լինել ո՛չ կառավարության քաղաքական ավարը, ո՛չ մասնավոր սեփականատիրոջ անձեռնմխելի կալվածքը։
Սամվել Կարապետյանն իրավացի է մի բանում՝ եթե սեփականությունը իրենն է, պետությունը պարտավոր է հարգել նրա իրավունքը և, օտարման դեպքում, արդարացիորեն փոխհատուցել այն, բայց «օրինական տիրոջ» մասին ձևակերպման մեջ կա ավելի խորքային սխալ։
Ռազմավարական ենթակառուցվածքի սեփականատերը կարող է փոխվել։ Նրա վերջնական շահառուն չի փոխվում։ Դա Հայաստանի քաղաքացին է։
Եվ ՀԷՑ-ի ապագան պետք է որոշվի ոչ թե նրանով, թե ով կհաղթի Փաշինյան–Կարապետյան քաղաքական պատերազմում, այլ մեկ շատ ավելի պարզ չափանիշով՝ ո՞ր մոդելն է Հայաստանին տալու ավելի հուսալի ցանց, ավելի մեծ ներդրումներ, ավելի թափանցիկ կառավարում և ավելի բարձր էներգետիկ անվտանգություն։
Մնացած ամեն ինչ սեփականության շուրջ աղմուկ է։
Էլեկտրականությունը, ի վերջո, չի հարցնում՝ ումն է ընկերությունը։
Այն կամ կա, կամ չկա։
Կարդացել են
4 անգամ