Հայաստանցի ընթերցողին քաջածանոթ իրանցի վերլուծաբան Էհսան Մովահեդիանի գնահատմամբ, 2026 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իր տրամադրության տակ պատմական հնարավորություն է հայտնվել: Մի կողմից՝ նա ունի ընտրական լեգիտիմություն եւ քաղաքական հենարան, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանային միջավայրը էապես փոխվել է, եւ պահը Հայաստանի վարչապետի համար ավելի նպաստավոր է:
Իրանական «Մեհր» պարբերականում հրապարակած իր հոդվածում Մովահեդիանը գրում է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նախորդ տարիների համեմատ ավելի է նվազել: Միաժամանակ ԱՄՆ-ն ավելի անմիջականորեն է ներգրավվում տարածաշրջանային նախագծերում՝ փորձելով իր ազդեցությունն ամրապնդել մի տարածքում, որը աշխարհաքաղաքական առումով կարեւոր է եւ գտնվում է Իրանի ու Ռուսաստանի, իսկ ավելի լայն համատեքստում՝ նաեւ Չինաստանի հարեւանությամբ:
Մյուս կողմից՝ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր ձեռքբերումները, իսկ Թուրքիան շահագրգռված է նոր հաղորդակցային ուղիների բացմամբ, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր ազդեցության խորացմամբ եւ, իր պատկերացրած՝ «թյուրքական աշխարհի» ձեւավորմամբ:
Հեղինակի մեկնաբանությամբ, Փաշինյանը ցանկանում է օգտվել ստեղծված այս հնարավորություններից եւ արտաքին ուժերի աջակցությունից՝ միաժամանակ լուծելով մի շարք առանցքային խնդիրներ: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Սահմանադրության փոփոխության, անկլավների խնդրի կարգավորման, նոր տարանցիկ ուղիների զարգացման եւ Եվրոպային ավելի սերտ ինտեգրվելու մասին է:
Հենց այս պատճառով էլ, հեղինակի կարծիքով, Փաշինյանի գործողությունների ինտենսիվությունն ավելի է մեծացել: Նրա նպատակը, ըստ այս վերլուծության, ներքաղաքական դիմադրության նոր կազմակերպումից կամ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի կողմից հնարավոր հակաքայլերից առաջ հնարավորինս շատ հարցեր լուծելն ու նոր իրողություններն ամրապնդելն է:
Տիգրանաշենը՝ փոքր, բայց ռազմավարական նշանակության բնակավայր
Էհսան Մովահեդիանն այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն է տալիս Տիգրանաշենին: Նա ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը վերջերս միտումնավոր օգտագործել է բնակավայրի ադրբեջանական անվանումը եւ հայտարարել, որ այդ տարածքը Հայաստանի կազմում չէ, իսկ անկլավների հարցը պետք է կարգավորվի: Նա նաեւ զգուշացրել է, որ վիճելի տարածքների հարցի չկարգավորման դեպքում կարող է կրկին պատերազմի վտանգ առաջանալ:
Հայաստանի կառավարության տեսանկյունից նման մոտեցումը ներկայացվում է որպես խաղաղության պայմանավորվածությունների եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի իրագործման մաս: Սակայն հեղինակի համար հարցն ունի մեկ այլ՝ Իրանի անվտանգությանն ու հաղորդակցություններին վերաբերող նշանակություն:
Հեղինակն իր ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի հարավային շրջանները եւ Իրանը կապող կարեւոր հաղորդակցային ուղղություններից մեկի հարեւանությամբ: Հետեւաբար, հեղինակի տրամաբանությամբ, եթե Ադրբեջանի վերահսկողությունն այդ տարածքում ընդլայնվի, ապա նույնիսկ այն դեպքում, երբ ճանապարհը պաշտոնապես «միջանցք» չդառնա, Հայաստանի հաղորդակցային ցանցում կարող է ստեղծվել ճնշման եւ խափանման նոր կետ:
Այդ պատճառով, ըստ հեղինակի, Իրանը չպետք է Տիգրանաշենի հարցը դիտարկի միայն որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վեճ: Թեհրանը, նրա կարծիքով, պետք է իր մտահոգությունները հստակ ներկայացնի Երեւանին:
TRIPP-ը կամ այսպես կոչված՝ «Թրամփի միջանցքը»
Վերլուծաբան Մովահեդիանի համար խնդրի իրական մասշտաբն ավելի ակնհայտ է դառնում, երբ Տիգրանաշենի հարցը դիտարկվում է TRIPP նախագծի համատեքստում:
Հեղինակն իր ընթերցողին հիշեցնում է, որ TRIPP-ը՝ «Trump Route for International Peace and Prosperity» անվանումով նախագիծը, նախատեսում է հեշտացնել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը Հայաստանի տարածքով:
Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը պահպանվելու են: Սակայն նախագծում ամերիկյան կապիտալի եւ կառավարման երկարաժամկետ ներկայությունն ինքնին կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը:
Այս տեսանկյունից Իրանի համար հիմնական վտանգը, ըստ հոդվածագրի, պարտադիր չէ, որ հենց «Զանգեզուրի միջանցքի» պաշտոնական ստեղծումն ու Իրանի հետ սահմանային կապի ֆիզիկական խզումը լինի:
Հեղինակի համար առավել կարեւոր վտանգն այն է, որ այդ գործընթացի զարգացումից հետո TRIPP-ը, իսկ Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիայի դրույթների հնարավոր կիրառման պայմաններում՝ նաեւ դրա հետ կապված այլ հաղորդակցային նախագծեր, աստիճանաբար կարող են ձեւավորել Հյուսիսային Իրանի շուրջ նոր տրանսպորտային եւ աշխարհաքաղաքական ցանց:
Այդ ցանցը, հեղինակի պատկերացմամբ, կարող է միմյանց կապել Ադրբեջանը, Նախիջեւանը, Թուրքիան, Իսրայելը եւ Եվրոպան՝ միաժամանակ նվազեցնելով Իրանի եւ Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանային հաղորդակցային համակարգում:
Ռուսաստանի մտահոգության պատճառները
Հոդվածում Ռուսաստանի խնդիրը դիտարկվում է ավելի լայն՝ Հարավային Կովկասի անվտանգության համակարգի տեսանկյունից:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանը Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորն էր: Սակայն, ըստ հեղինակի, այժմ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի բազմակողմ արտաքին քաղաքականության մոդել, որի կենտրոնում աստիճանաբար ավելի մեծ դեր է ստանում Արեւմուտքը:
Հեղինակի համոզմամբ, դրա մասին են վկայում Հայաստանի պետական կառույցներում նոր կադրերի նշանակումը, արեւմտյան երկրների հետ դիվանագիտական եւ քաղաքական կապերի զարգացումը, ինչպես նաեւ Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնումը:
Նույնիսկ եթե Հայաստանը ամբողջությամբ չխզի կապերը Ռուսաստանի հետ, հեղինակի գնահատմամբ՝ երկրի արտաքին քաղաքականության ծանրության կենտրոնն արդեն տեղափոխվում է:
Այս տրամաբանությամբ, Մոսկվայի համար խնդիրը միայն Հայաստանի նկատմամբ ազդեցության կորուստը չէ: Ավելի լուրջ հետեւանքը կարող է լինել Ռուսաստանի դիրքի թուլացումը Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության մեջ եւ նրա աստիճանական մեկուսացումը նախկին ազդեցության գոտիներից:
Հեղինակն այս գործընթացը կապում է նաեւ Թուրքիայի, ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի՝ Կենտրոնական Ասիայում եւ Ադրբեջանում ազդեցության ընդլայնման հետ եւ այն դիտարկում որպես Ռուսաստանի համար ռազմավարական ճնշման աճ:
Ի՞նչ պետք է անի Իրանը
Հոդվածագրի առաջարկած մոտեցումն այն է, որ Իրանը պետք է խուսափի Հայաստանի ներքին գործերին միջամտելուց, սակայն միաժամանակ հստակ պաշտպանի իր ռազմավարական շահերը:
Անկախ նրանից՝ Երեւանում իշխանության ղեկին կլինի Փաշինյանը, թե մեկ այլ քաղաքական ուժ, հեղինակի կարծիքով՝ Իրանը պետք է ձգտի նպաստել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության պահպանմանը, ինչպես նաեւ ապահովի Հայաստանի հետ անխափան հաղորդակցության իր հնարավորությունը՝ գործող սահմանների պահպանման եւ հաղորդակցային ուղիների զարգացման միջոցով:
Մովահեդիանը Իրանի համար հիմնական չորս ուղղություն է առանձնացնում.
Անհապաղ զարգացնել եւ արդիականացնել Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհը՝ այն վերածելով տնտեսական այնպիսի իրականության, որի անտեսումը կամ դուրսմղումը չափազանց դժվար կլինի:
Երեւանի հետ ուղղակի բանակցություններ վարել Տիգրանաշենի իրավական կարգավիճակի եւ TRIPP-ի իրավական ու գործնական պայմանների շուրջ:
Ստանալ հստակ երաշխիքներ, որ Իրանի սահմանների անմիջական հարեւանությամբ որեւէ ձեւով չեն տեղակայվի տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի ռազմական կամ անվտանգության կառույցներ:
Խորհրդակցել Հայաստանի նկատմամբ ընդհանուր շահեր ունեցող այլ պետությունների հետ՝ այն հաշվարկով, որ այդ քայլերը չընկալվեն որպես Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտի վերադարձնելու փորձ:
Հեղինակի կարծիքով, դա կարող է Հայաստանում հասարակական դժգոհություն առաջացնել՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերակատարության նկատմամբ առկա վերաբերմունքը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո:
Ըստ հեղինակի, միաժամանակ Թեհրանը պետք է շարունակի աշխատել Հայաստանի գործող իշխանությունների հետ՝ իր մտահոգությունները լուծելու նպատակով, բայց չպետք է սահմանափակվի միայն պաշտոնական Երեւանի տեսակետով:
Թեհրանը պետք է հետեւի նաեւ Հայաստանի ընդդիմադիր ուժերի վերլուծություններին եւ դիրքորոշումներին՝ երկրի ներքաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ստանալու համար:
Ի՞նչ է փոխվում Հայաստանում
Հոդվածի եզրափակիչ տրամաբանությունն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները չպետք է դիտարկել որպես միմյանցից անկախ, պատահական կամ կարճաժամկետ քաղաքական իրադարձությունների շարք:
Ըստ հեղինակի, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, Սերժ Սարգսյանի նկատմամբ ճնշումները, Անվտանգության խորհրդի կազմի փոփոխությունը, այդ կառույցում Ալեն Սիմոնյանի դերակատարության մեծացումը, արտաքին քաղաքականության մեջ նոր սերնդի արեւմտամետ կադրերի ներգրավումը, Սահմանադրության փոփոխության գործընթացը, անկլավների հարցի կարգավորումը, Եվրոպային եւ ԱՄՆ-ին մերձենալը եւ TRIPP-ի առաջմղումը մեկ ավելի լայն գործընթացի տարբեր դրսեւորումներ են:
Այս մեկնաբանության համաձայն, Փաշինյանի ռազմավարական նպատակը Հայաստանի Հանրապետությունը անկախությունից հետո ձեւավորված քաղաքական եւ անվտանգության համակարգից դուրս բերելն է: Նախկին համակարգը մեծապես հիմնված էր Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունների վրա:
Փոխարենը ձեւավորվում է «նոր Հայաստան»՝ ավելի եվրոպական, արեւմտամետ, խաղաղության վրա հիմնված եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ տնտեսական ու հաղորդակցային կապերի զարգացմանը մեծ նշանակություն տվող պետություն:
Հեղինակի տրամաբանությամբ՝ սա ինքնին չի նշանակում, որ Հայաստանը դառնում է Իրանի թշնամին: Սակայն եթե Իրանը կրավորական դիրք ընդունի, այդ փոփոխությունները կարող են աստիճանաբար նվազեցնել նրա աշխարհաքաղաքական կշիռը Հարավային Կովկասում եւ, ի վերջո, թուլացնել նրա դիրքերը տարածաշրջանում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ