Մշակիր ինքդ քեզ

– Քո զորությամբ մենք կհաղթենք:

– Այո: Քո այդ հաղթող Զորությունը ստանում ես Ինձնից: Ինձ հետ եղողը չի պարտվում: Նշանակում է` հաջողության գաղտնիքը Ինձ հետ ապրելու մեջ է:

Եթե կամենում ես կյանքից լավագույնը ստանալ, այդ դեպքում ավելի մոտ արի Ինձ։

Ինձ, որ Տերն եմ ու պարգևողը կյանքի: Վարձատրությունը, անշուշտ, շռայլ կլինի, կատարյալ հաջողություն, բայց Իմ հաջողությունը:

Այդ հաջողություններն են` շահված հոգիներ, բուժված հիվանդություններ, դուրս նետված դևեր:

Այդ հաջողությունը երբեմն կլինի կատարյալ զոհողություն, նման Գողգոթայում տեղի ունեցածին: Երբեմն կլինի հաջողությունը մեկի, որ բառ չարտասանեց թշնամիների արհամարհանքի, չարչարանքի ու անարգող աղմուկների դեմ։

Կամ կլինի հաջողությունը հարուցյալ Փրկչի, երբ Նա Զատկի առավոտյան քայլում էր Հովսեփ Արիմաթացու պարտեզում:

Այս բոլորն Իմ հաջողություններն են:

Աշխարհի մարդկանց կարող է թվալ, որ դու ձախողվել ես, սակայն աշխարհը չի դատում այնպես, ինչպես Ես եմ դատում:

Սիրով ու երկյուղածությամբ ծնկի արի Իմ հայտնության առջև:

Հոգևոր ճշմարտությունները տեսնելու պատեհությունը մեծ ուրախություն է:

Երբ երկինքը բաց է, Ձայնը խոսում է ոչ թե բոլոր, այլ միայն հավատարիմ սրտերին:

Իմացիր, որ քո աշխատանքի ամենաառաջին ու ամենամեծ դաշտը դու ես: Քո առաջին գործն է քաշել, դեն նետել փուշն ու մոլախոտը. տնկել բարի տնկիներ, տնկածների շուրջը փորել, խնամքով մշակել ու հասցնել պտղաբերումին: Երբ այս ամենը բարեխղճորեն կատարվի, այնժամ Ես քեզ ուրիշ դաշտեր կառաջնորդեմ:

Leave a Comment