Հոկտեմբերին Վրաստանում նախատեսվել են Հայաստանի մշակույթի օրեր, որոնք նվիրվելու են Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։
Սեպտեմբերի 3-ին նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի և հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի մշակույթի օրերի ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցերը և անդրադարձել երկկողմ մշակութային կապերի զարգացման նոր հնարավորություններին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ հանդիպել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Բադրի Մայսուրաձեի հետ։
Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի ծրագիրը մեկնարկելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, որը նախատեսվում է հոկտեմբերի 7-ին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որը բաց է լինելու հոկտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 8-ը։