Մեր մոլորակի վրա իսլամական աշխարհը միավորող կազմակերպությունների եւ դաշինքների պակաս չկա:
Մահմեդական երկրները, բնականաբար, անդամակցում են նաեւ այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնց գործունեությունը պայմանավորված չէ կրոնական պատկանելությամբ՝ ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը եւ բազմաթիվ այլ կառույցների:
Միեւնույն ժամանակ, ստեղծվել են նաեւ կազմակերպություններ ու համագործակցության ձեւաչափեր, որոնց հիմքում հենց իսլամական երկրների միջեւ համագործակցությունն է: Իսլամական աշխարհը միավորող կազմակերպություններն ու համագործակցության ձեւաչափերը բազմաթիվ են: Դրանցից են՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը (OIC), Իսլամական զարգացման բանկը (IsDB), D-8-ը՝ Զարգացող ութնյակը, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (GCC) եւ բազմաթիվ այլ կառույցներ:
Վերջերս էլ իսլամական երկրների շահերն արտահայտող կազմակերպությունների ու դաշինքների շարքը համալրվեց եւս երկու նոր նախաձեռնությամբ: Դրանցից առաջինը Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանը միավորող «Մեքքայի պակտն» էր: Ի դեպ, այդ պաշտպանական (ռազմական) դաշինքի առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 31-ին Ստամբուլում, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն:
Երկրորդը Քուվեյթի եւ Պակիստանի միջեւ օգոստոսի 27-ին ստորագրված նոր ռազմական համաձայնագիրն է, որը կնքվեց «Մեքքայի պակտի» ստորագրումից ուղիղ երեք շաբաթ անց:
Չնայած այս ամենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 28-ին Ստամբուլում կայացած կրոնական միջոցառմանն անդրադարձել է իսլամական աշխարհի միասնության ապահովման անհրաժեշտությանը: Նա հայտարարել է, որ մահմեդականները պետք է հզոր լինեն, համատեղ պաշտպանեն իրենց օրինական իրավունքներն ու շահերը եւ համագործակցեն տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ:
Էրդողանը նաեւ կոչ է արել մահմեդականներին փոխադարձ վստահությամբ, ուս ուսի տված, միասին շարժվել դեպի ապագա: Նա ընդգծել է, որ ջանքերը պետք է ուղղված լինեն միասնության եւ դաշինքների ամրապնդմանը, ինչպես նաեւ տարաձայնությունների նվազեցմանը՝ թե՛ մահմեդականների շրջանում, թե՛ իսլամական աշխարհում:
Այսպիսով, իսլամական աշխարհը միավորող կազմակերպությունների, դաշինքների եւ համագործակցության ձեւաչափերի պակաս չկա, սակայն այդ աշխարհի միասնության անհրաժեշտության մասին կոչերը շարունակում են հնչել:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ