ԿՀՎ ղեկավարը ժամանել էր Մոսկվա՝ նախազգուշացնելու ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին

Ամերիկյան երկու հեղինակավոր պարբերականներ՝ Wall Street Journal-ը և Politico-ն, հղում անելով իրենց տեղեկացված աղբյուրներին, հայտնում են, որ այս շաբաթ Ռուսաստան կատարած անսպասելի այցի ընթացքում Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա հնարավոր հարձակման անթույլատրելիության մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ռուսաստանի հետ սահմանակից Էստոնիային, Լատվիային և Լիտվային:

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հիմնվելով ամերիկյան հատուկ ծառայությունների եզրակացությունների վրա, արդեն գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դիմել նոր հարձակման՝ դրանով իսկ փորձության ենթարկելով Հյուսիսատլանտյան դաշինքի ամրությունը:

Ռեթքլիֆի այցը Մոսկվա նախապես չէր հայտարարվել, և ոչ Վաշինգտոնը, ոչ էլ Մոսկվան պաշտոնական մանրամասներ չեն հայտնել դրա օրակարգի կամ արդյունքների վերաբերյալ: Կրեմլի մամուլի քարտուղարը միայն նշել է, որ Պուտինը չի հանդիպել ԿՀՎ ղեկավարի հետ, և որ վերջինս Ռուսաստանում է եղել բացառապես տեղի հատուկ ծառայությունների հետ շփումների նպատակով: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս այցն անվանել է «կիսառուտինային»:

Politico-ն հիշեցնում է, որ նմանատիպ իրավիճակ եղել է նաև 2021 թվականի նոյեմբերին, երբ ԿՀՎ նախկին ղեկավար Ուիլյամ Բըրնսն էր մեկնել Մոսկվա՝ Կրեմլին նախազգուշացնելու Ուկրաինա ներխուժելու անթույլատրելիության մասին:

Leave a Comment