Ինչպես արդեն նշել էինք Ֆրանսիական «Նանտը» Լիգա 2-ի մեկնարկային երեք տուրերում կրած նույնքան պարտություններից հետո պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Միշել Տեր Զաքարյանին։
63-ամյա հայազգի մարզչի երրորդ վերադարձն ակումբ տևեց ընդամենը մի քանի շաբաթ։ Ղեկավարության համբերության բաժակը լցվեց շաբաթ օրը, երբ «Նանտը» սեփական հարկի տակ պարտություն կրեց «Ռոդեզից» (2:5), այն դեպքում, երբ ընդմիջմանը հաղթում էր 2:1 հաշվով։
Նախորդ մրցաշրջանում Լիգա 1-ից դուրս մնացած «Նանտը» 4-րդ տուրի՝ «Գենգանի» դեմ արտագնա խաղից առաջ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Սպասվում է, որ Վալդեմար Կիտայի նախագահության օրոք թիմը կնշանակի արդեն 24-րդ մարզչին։
Միշել Տեր Զաքարյանի հեռացումը նոր ու տխուր հակառեկորդ է ակումբի պատմության մեջ հիմնական մարզիչների պաշտոնավարման տևողությամբ. ընդամենը 3 պաշտոնական խաղ։ Այս ցուցանիշով նա շրջանցեց Միգել Կարդոսոյին, Ռայմոն Դոմենեկին և Վահիդ Հալիլհոջիչին, որոնք ղեկավարել էին թիմը 8-ական խաղ:
«Եթե դժգոհ են իմ աշխատանքից, թող հեռացնեն ու վերջ, բայց ես էլ ամեն ինչ երեսին կասեմ։ Ֆուտբոլիստներն էլ պետք է շարժեն իրենց հետույքը»,- շաբաթ օրը կրած ցավալի պարտությունից հետո, վրդովված հայտարարել էր հայ մասնագետը։