Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցք ստեղծելու շուրջ

Իրանն ու Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու շուրջ, որը կկառավարվի համատեղ։ Համաձայնությունը ձեռք է բերվել երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների արդյունքում։

Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նեղուցով նավագնացության վերականգնմանն ուղղված գործողությունների փուլային ծրագիրը։ Այն նախատեսում է ժամանակավոր նավարկային միջանցքի ստեղծում, ինչպես նաև դրա ականազերծում՝ համատեղ ուժերով։

Միաժամանակ Իրանի և Օմանի ԱԳ նախարարները պայմանավորվել են աշխատել Հորմուզի նեղուցում մշտական ծովային միջանցքի ստեղծման ուղղությամբ։ Դրա կառավարման մեխանիզմը պետք է համաձայնեցվի տեխնիկական բանակցությունների ընթացքում։

Թեհրանը նաև հայտնել է, որ պատրաստ է Պարսից ծոցի արաբական երկրների հետ բանակցությունների՝ տեղեկատվության փոխանակման և ծոցում անվտանգ նավարկությունն ապահովելու նպատակով։

Leave a Comment