Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Կառավարության 2026 – 2031թթ. ծրագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ընթացքում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԱԺ-ից։

Վարչապետն անդրադարձել է խորհրդարանական ընդդիմության աշխատաոճին, ևս մեկ անգամ մանրամասնել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Նշելով, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով՝ ՀՀ վարչապետը հավելել է «Կառավարությունն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի։ Ես առաջարկելու եմ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել և արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներին, տվել պարզաբանումներ, խոսել իրավապահ համակարգի գործունեության մասին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից, խաղաղության հաստատման գործընթացից։

«Խաղաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է, և խաղաղապահը ժողովուրդն է, այո՛, այդ թվում՝ Հայաստանի ժողովուրդն է և Ադրբեջանի ժողովուրդն է ամենահուսալի խաղաղապահը։ Որևէ օտար խաղաղապահ Հայաստանի տարածք չի մտնելու, և սա է Չորրորդ հանրապետությունը, Չորրորդ հանրապետությունը սրանով է տարբերվում, Չորրորդ հանրապետությունը չի գնում տարբեր բևեռներում աշխարհաքաղաքական իր գոյության իրավունքը մուրում։ Չորրորդ հանրապետությունն ամենօրյա աշխատանքով իր ապրելու, զարգանալու, լինելու իրավունքը վաստակում է»,- արձանագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու եզրափակելով ելույթը՝ փաստել «Չորրորդ հանրապետությունը հաստատված է։ Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Չորրորդ հանրապետությունը»։

Քվեարկության արդյունքում Կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց 63 կողմ, 24 դեմ ձայներով:

Leave a Comment