Իրանը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ալի Մադանինզադեն IRINN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն ակնկալում էին նոր սահմանափակումներ եւ դրանց կիրառման դեպքում գործելու երկամյա ծրագիր էին մշակել։
«Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը որոշել է եւս մեկ անհաջող փորձ ձեռնարկել։ Մենք վաղուց էինք սպասում դրան եւ լիովին տեղեկացված էինք նրանց ծրագրերի մասին։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր եւ լիովին պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը»,- ասել է Մադանինզադեն։
Մադանինզադեն հավելել է, որ Իրանի պատասխանը պարտադիր չէ, որ «զուտ պաշտպանական» լինի։ «Նրանք նույնպես պետք է պատրաստ լինեն այն բանին, որ մենք անցնենք հարձակման»,- հայտարարել է նախարարը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) երկուշաբթի երկրորդային պատժամիջոցներ է սահմանել այն ֆիզիկական անձանց, կազմակերպությունների եւ նավերի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, օգնում են Թեհրանին նավթի արտահանումից եկամուտներ ստանալ, ինչպես նաեւ ձեռք բերել միջուկային եւ հրթիռային տեխնոլոգիաներ։ Նրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է գերատեսչության կայքում։
Երկրորդային պատժամիջոցները, պարզաբանել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ուժի մեջ կմտնեն ոչ անմիջապես, քանի որ ԱՄՆ-ը նշված ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին «հնարավորություն կտա շտկելու իրենց վարքագիծը»։
«Այսօր նախագահ Թրամփի հանձնարարությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսեց «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ Իսլամական Հանրապետության Իրանի եւ նրա աջակիցների դեմ աննախադեպ արշավ»,- հայտարարել է Սքոթ Բեսենթը։
Նա նոր պատժամիջոցների կիրառումը համեմատել է Նորմանդիայում դաշնակիցների զորքերի իջեցման հետ։
Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել էր գործարք կնքելու ցանկություն չունենալու մեջ եւ հայտարարել «կործանարար տնտեսական գործողության» մասին։ Այն ենթադրում է «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ եւ մեկուսացում», ասել էր Թրամփը։