Միացյալ Նահանգները մտադիր է նոր պատժամիջոցների շրջանակում արգելափակել Իրանի իշխանությունների եկամուտների բոլոր աղբյուրները և սկսում է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Նրա խոսքով՝ «այսօրվանից ԱՄՆ ֆինանսների նախարարության և մյուս գերատեսչությունների ձեռնարկած միջոցները կսեղմեն օղակը և կփակեն եկամուտների բոլոր հնարավոր աղբյուրները, որոնցից ֆինանսավորվում» է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ)։ «Մենք կիրառում ենք ցանկացած արտահոսք բացառող մոտեցում»,- հավելել է նա։
«Այսօր Իրանը կանգնած է միանգամայն ակնհայտ ընտրության առաջ։ Նրա առջև ընդամենը երկու ճանապարհ կա՝ լիակատար միջազգային մեկուսացում և միայն կենսապահովման նվազագույն մակարդակն ապահովող տնտեսություն, կամ վերադարձ բնականոն կյանքին՝ համաշխարհային տնտեսությանը կրկին ինտեգրվելու հնարավորությամբ։ Այսօր մենք սկսում ենք «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ իրանական ռեժիմին այլ հնարավոր տարբերակներից զրկելու համար»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է նոր հակաիրանական պատժամիջոցներ կիրառել նաև ցանկացած երրորդ երկրի նկատմամբ։ «Մենք այսօր ուզում ենք հստակ ցույց տալ, որ ոչ ոք դուրս չի մնում ԱՄՆ այս պատժամիջոցների շրջանակից։ Եթե նրանք աջակցում են (Թեհրանի) գործարքներին, հանդիսանում են այն էկոհամակարգի մասը, որը իրանական նավթը վերածում է փողի, … նրանք թիրախ կդառնան»,- ասել է Բեսենթը։