Մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշել է, որ մտադիր են Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում:

«Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, և մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,-նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանում։

«Իմ կարծիքով՝ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեծ հաշվով բնական գործընթաց»,-նշել է Փաշինյանը։

Նա հավելել է.

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական անվտանգային։ Արդեն երկու դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն հենքի և ըմբռնման վրա, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ես չեմ կասկածել այս գործառույթը կատարելու Ռուսաստանի նվիրվածությանը, բայց 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով Ռուսաստանի Դաշնությունը երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար»։

 

Leave a Comment