Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտություն հրահրելով՝ ԱՄՆ-ն ակնկալում էր Իրանի արագ անկումը՝ Վենեսուելայի սցենարով։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ հակառակ սպասումներին, Իրանն ամուր է մնացել, իսկ ժողովուրդը կշարունակի դիմակայել անգամ ամենախիստ պատժամիջոցներին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ մասշտաբի «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին։ Ամերիկյան առաջնորդը նախազգուշացրել էր, որ Թեհրանին աջակցող ցանկացած երկրի ֆինանսական հաստատություն, ձեռնարկություն, օդանավակայան կամ պետական կառույց կբախվի Վաշինգտոնի կոշտ տնտեսական հակահարվածին։
Ի պատասխան՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «տնտեսական ահաբեկչություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։ Գերատեսչությունում շեշտել են, որ ամերիկյան վարչակազմը, ինչպես նաև պատժամիջոցների ծրագրերը մշակողներն ու իրագործողները պետք է համապատասխան պատիժ կրեն:
