Օրենբուրգում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ozon-ի պահեստից տարհանել են ավելի քան 300 մարդու

Օրենբուրգի մարզում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը վնասվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու հետևանքով։ Տարհանվել է ավելի քան 300 աշխատակից։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Այսօր անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ մղելու հետևանքով վնասվել է Օրենբուրգի մարզում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը։ Բոլոր համակարգերն աշխատել են բնականոն ռեժիմով, և մենք մի քանի րոպեի ընթացքում տարհանել ենք ավելի քան 300 աշխատակցի։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասվում է հաղորդագրությունում։

Ընկերությունից հայտնել են, որ կենտրոնում հրդեհ է բռնկվել, որը ԱԻՆ աշխատակիցները մարել են։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Մամուլի ծառայության տվյալներով՝ լոգիստիկ կենտրոնից առաքումները չեղարկվել են, դրանց համար վճարված գումարները կվերադարձվեն հաճախորդներին, իսկ այնտեղ գտնվող ապրանքները հանվել են առցանց հարթակի ցուցափեղկից և առայժմ հասանելի չեն պատվերի համար։

«Պահեստում գտնվող ապրանքները մենք ժամանակավորապես հեռացրել ենք շուկայի ցուցափեղկից, դրանք առայժմ հնարավոր չէ պատվիրել։ Պատվերների մի մասը կչեղարկենք, մյուս մասը կառաքենք այլ պահեստներից։ Օրենբուրգի պահեստում մատակարարումներ ժամանակավորապես չենք ընդունում, դրանց հայտերը կչեղարկվեն։ Խնդրում ենք ընտրել այլ պահեստներ և տեսակավորման կենտրոններ ու ապրանքներն ուղարկել այնտեղ», – նշել են ընկերությունից։

Նշվում է, որ պահեստից ապրանքների դուրսբերումը նույնպես ժամանակավորապես անհասանելի է։ Ozon-ը վաճառողներին առանձին կտեղեկացնի իրենց ապրանքների վիճակի մասին։

Leave a Comment