
ԱՄՆ դաշնային դատավորը չեղարկել է Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որով կասեցվել էր 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումը, հայտնում է Reuters-ը։
Մանհեթենի շրջանային դատավոր Ժանետ Վարգասը որոշել է, որ Պետդեպարտամենտի՝ հունվարին ուժի մեջ մտած քաղաքականությունը «ակնհայտորեն անօրինական» է և գերազանցում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի օրենսդրական լիազորությունները։
Սահմանափակումը վերաբերում էր նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Պակիստանի, Բանգլադեշի և տասնյակ այլ երկրների քաղաքացիներին։
Պետդեպարտամենտը սահմանափակումը հիմնավորել էր այն մտավախությամբ, որ այդ երկրների որոշ քաղաքացիներ կարող են ԱՄՆ-ում դառնալ «պետական բեռ» և օգտվել պետական աջակցության ծրագրերից։
Դատարանի որոշումը կայացվել է ներգաղթյալների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների, վիզայի դիմորդների և նրանց հովանավորող ԱՄՆ քաղաքացիների ներկայացրած հայցի հիման վրա։