ՊՆ-ն և ՔԿ-ն հերքում են «Հրապարակի» տեղեկությունները Ճամբարակի դժբախտ պատահարի մասին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն հերքել են Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ «Հրապարակ» օրաթերթում տարածված տեղեկությունները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դժբախտ պատահարին չի նախորդել զինծառայողների միջև ծեծկռտուք, ինչպես նաև իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե զինվորները հակագազերով վազել են։

«Դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ»,- նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին վրաերթի էին ենթարկվել 7 զինծառայող, մեկ զինվոր մահացել էր:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):

Leave a Comment