Տղամարդը քվեների դիմաց պահանջել է որդիներին ազատել քրեական պատասխանատվությունից․ գործը դատարանում է

2026 թվականի օգոստոսի 21-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել քրեական գործ, որի համաձայն՝ Գ․Մ․-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին իր, ընտանիքի անդամների և այլ անձանց քվեարկությունն ապահովելու դիմաց պատգամավորի թեկնածուից պահանջել է իր և որդիների համար արտոնություն։ Մասնավորապես, նա խնդրել է կազմակերպել Ռուսաստանում դատապարտվող որդիների քրեական պատասխանատվությունից ազատումը։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի (այսուհետ նաև՝ Դաշինք) պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված կուսակցության անունից, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված իններորդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը (այսուհետ՝ Ընտրություն) մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև Դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով ընտրակաշառք է տվել ընտրող Գ․Մ․-ին:

Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի (այսուհետև նաև Դաշինք) օգտին քվեարկելու, ինչպես նաև Դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով, ՀՀ ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու համար հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուից իր և որդիների համար պահանջել է առավելություն, այն է՝ խնդրել է կազմակերպել և իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվող որդիների քրեական պատասխանատվությունից ազատելը:

Մ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219–րդ հոդվածի 2-րդ մասի։

Մ․Ա․-ին որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 1-ին մասի։

Գ․Մ․-ին որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Leave a Comment