Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության իրավիճակը։ Այս մասին հայտնել է սուլթանության արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերն ընդգծել են խորհրդակցությունների շարունակման կարևորությունը՝ գործնական պայմանավորվածությունների հասնելու համար, որոնք կնպաստեն նավագնացության վերսկսմանը և ազատության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանմանը»,– ասվում է Օմանի տեղեկատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ դիվանագետները քննարկել են նաև վերջին զարգացումների ֆոնին քաղաքական երկխոսության և բանակցային գործընթացի վերսկսման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղիները։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը հուշագիր են ստորագրել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, սակայն հուլիսի 8-ին ԱՄՆ-ը վերսկսել է հարվածները՝ Իսլամական Հանրապետությանը մեղադրելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմակայաններին և հայտարարել նեղուցի փակման մասին։