«Ռեալի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստը գլխավորեց «Նոան»

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան ստանձնել է Երևանի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա Պաբլո Գարսիան մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով սկզբում երիտասարդական, հետո հիմնական թիմի գլխավոր մարզիչ։

3 մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր։

Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում։

Ուշագրավ է նաև Գարսիայի՝ ֆուտբոլիստի կարիերան։ «Նոայի» նոր գլխավոր մարզիչը հանդես է եկել այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան», Վիգոյի «Սելտան», ինչպես նաև խաղացել է Ուրուգվայի ազգային հավաքականում։

Leave a Comment