
Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, օգոստոսի 19-ին, ժամը 21:00-ի սահմաններում 7 զինծառայողներին վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող, 3 անչափահաս երեխաների հայր։
«Ռադիոլուր»ը զրուցել է Վահան համայնքի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանի հետ։
Վերջինս պատմել է, որ վարորդը եղել է սեփական բեռնատարով, որն օգտագործել է գյուղատնտեսական աշխատանքների համար։ Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։
Գյուղապետի խոսքով՝ վարորդը մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել են, որ Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է։