Ուկրաինան և Ռուսաստանը ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, Telegram-ում հայտնել է, որ ռուսական գերությունից վերադարձել է 103 ուկրաինացի զինծառայող։ Նրա խոսքով՝ ազատ արձակվածների թվում են Ուկրաինայի զինված ուժերի, Պետական սահմանապահ ծառայության և Ազգային գվարդիայի ներկայացուցիչներ։

Զելենսկին նշել է, որ վերադարձած զինծառայողների թվում կան Մարիուպոլում, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Զապորոժյեի, Խերսոնի, Դնեպրի և Սումիի ուղղություններում մարտերին մասնակցած անձինք։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր բոլոր մարդկանց տուն վերադարձնենք»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է գերիների փոխանակումը՝ հայտնելով, որ վերադարձված 103 ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսում։

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ զինծառայողները կստանան անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, որից հետո կտեղափոխվեն Ռուսաստան՝ Պաշտպանության նախարարության բուժհաստատություններում վերականգնողական բուժում անցնելու համար։

Ռուսաստանի ՊՆ-ն նաև նշել է, որ ռազմագերիների փոխանակման կազմակերպման հարցում մարդասիրական միջնորդություն են իրականացրել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Leave a Comment