Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ։ Այս մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի՝…
Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ։ Այս մասին ասվում է երկրի Դաշնային խորհրդի՝ կառավարության հաղորդագրությունում։
«Օգոստոսի 19-ին Դաշնային խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթից լրացուցիչ միջոցառումներ կիրառելու մասին»,- նշվում է հաղորդագրությունում։
Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ին և կվերաբերեն էներգետիկ, առևտրային և ֆինանսական ոլորտներին։
Մասնավորապես, էներգետիկ ոլորտում արգելքներ են սահմանվում հեղուկացված բնական գազ տեղափոխող տանկերների և սառցահատների, ինչպես նաև Ռուսաստանում ՀԲԳ տերմինալների սպասարկման նկատմամբ։ Արգելվում է նաև Ռուսաստանին տանկերների վաճառքը։ Երրորդ երկրներին տանկերների վաճառքի պայմանագրերում պետք է ներառվի դրանք Ռուսաստանին վերավաճառելն արգելող դրույթ։
Առևտրի ոլորտում Շվեյցարիան նոր համակարգ է կիրառելու՝ նախկինում սահմանված պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար։ Մասնավորապես, արգելվելու է որոշ ապրանքների արտահանումը Ղրղզստան։
Ֆինանսական ոլորտում արգելվել է ռուսական կրիպտոակտիվների փոխանակման և փոխանցման հարթակների օգտագործումը։ Շվեյցարիան նաև արգելել է մի շարք ռուսական թվային ակտիվների, այդ թվում՝ թվային ռուբլու աջակցությունը։
Նշվում է, որ դեռ մայիսի 22-ին Շվեյցարիան այս փաթեթից 115 ֆիզիկական և իրավաբանական անձանց ներառել էր իր պատժամիջոցների ցանկերում։
ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունվել է ապրիլին, իսկ վերջին՝ 21-րդ փաթեթը՝ հուլիսին։