Վերջին 24 ժամվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդ։ Ուղևորահոսքի կտրուկ աճի պատճառով Ռուսաստանի մաքսային ծառայությունը Վերին Լարսի անցակետում ավելացրել է հերթափոխերի և աշխատակիցների թիվը։

Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ այս միտումը նկատվում է մի քանի օր անընդմեջ. օգոստոսի 15-ին և 16-ին Ռուսաստանից Վերին Լարսի սահմանային անցակետը օրական հատել է ավելի քան 19,000 մարդ: «Ընթացիկ թվերը զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նմանատիպ ժամանակահատվածների ցուցանիշները», — հայտարարել է ծառայությունը:

Գերատեսչությունում նշել են, որ լրացուցիչ անձնակազմի ներգրավումը նպատակ ունի մեծացնել անցակետի թողունակությունը և արագացնել տրանսպորտային միջոցների ձևակերպման գործընթացը։

«Օստորոժնո, Նովոստի»-ն, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է, որ Ռուսաստանից Վրաստան տանող ճանապարհին մեծ խցանումներ են առաջացել։ Նրանց պնդմամբ՝ որոշ հատվածներում մոտ 100 մետր առաջ շարժվելու համար պահանջվում է մինչև երկու ժամ։

Մաքսային ծառայությունն ուղևորահոսքի աճը կապում է արձակուրդային սեզոնի հետ։ Վերին Լարսում նմանատիպ ծանրաբեռնվածություն էր արձանագրվել նաև 2022 թվականի սեպտեմբերին՝ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո։

Ներկայիս աճը տեղի է ունենում նաև այն ֆոնին, երբ վերջին ամիսներին Ռուսաստանում պարբերաբար քննարկվում են Ուկրաինայի դեմ պատերազմի համար զինված ուժերի համալրման և նոր զինծառայողների ներգրավման հարցերը։

Leave a Comment