ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչո՞ւմ է. հարց Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին

Խորհրդարանը շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Նախօրեին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանն» առաջադրեց արցախցի Արեգա Հովսեփյանի թեկնածությունը: Այժմ պատգամավորները նրան հարցեր են ուղղում:

«Քաղաքացիական պայմանագրից» Արայիկ Հարությունյանը հարց ուղղեց ինչպես եք վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը.

«Դուք հարցնում եք՝ արդյոք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ: Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ճանաչում եմ ու չեմ մոռանալու, ինչպես, որ չեմ մոռանալու 120 հազարը: Միշտ հարց է առաջանում ինձ մոտ՝ ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն, թե արդյոք նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում: Ի՞նչ նպատակով է հարցնում, ցավացնելո՞ւ: Ձեր հարցերը վաղուց ինձ չեն ցավացնում: Ես տեսել եմ Արցախի անկումը, ցավացնում է այդ հիշողությունները»:

Հարությունյանն արձագանքեց.- «Ձեր հայտարարությունը տեղին կլիներ, եթե Դուք Պրահայի 2022 թվականի հայտարարությունից հետո շռնդալից հայտարարություն անեիք և դուրս գայիք Արտաքին գործերի նախարարությունից, որտեղ մնացել էիք մինչև 2023-ի օգոստոս: Եվ հետո, ինչու էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ ժամանակահատվածում ապրում ՀՀ մայրաքաղաք Երևանում»:

Հովսեփյանն ասաց, որ աշխատանքից ազատման դիմումը գրել է 2020-ի նոյեմբերի 10-ին, բայց որոշել է սպասել ընտրություններին: 2021-ից հետո գնացել է երեխայի խնամքի արձակուրդի և մինչև 2023 թվականը չի աշխատել ԱԳՆ-ում:

Leave a Comment